Աշոտ Բլեյանը սպառնում է պոկել թաղայինի վիզը

Երեկ գիշեր Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցչուհին հարվածել է 3-րդ դասարանի աշակերտին, ով Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի է։ Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական վարչությունից, դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն. «Նման բան եղել է։ Երեխայի ծնողն է հաղորդում ներկայացրել»։

Կապ հաստատեցինք կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ, ով արդեն իսկ ծանոթ լինելով թեմային, բավական վրդովված էր։ «Մեր կրթահամալիրում նման բան չի եղել։ Էդ ո՞նց է, որ ոստիկանության մի հատ թաղային բանավոր զանգում է մեր փոխտնօրենին, ով ասում է, որ նման բան չի եղել ու թողնում գնում են։ Ոստիկանությունը չէ՞ որ պետք է գա մեզ ցույց տա ծնողի գրավոր հաղորդումը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուղղակի բացառվում է նման դեպքը, 25 տարի բացառվել է, հիմա էլ է բացառվում։ Դուք հիմա ի՞նչ եք ուզում ինձանից։ Ես ասում եմ` նման բան չի եղել։ Ես երեկ բոլոր հնարավոր «կանալներով» ճշտել եմ, որ այդպիսի բան չի եղել։ Բայց եթե ոստիկանությունը խոստացել է ու կգա կգտնի նման բան, թող հրապարակի։ Ես թաղայինի վիզը կպոկեմ… մի հատ քնձռոտ թաղային… Իրենք ոստիկան են, թող իրենց գործողություններն անեն, ի՞նչ եք ուզում»,- ափերից դուրս գալով՝ պատասխանեց Բլեյանը։

Կրթահամալիրի տնօրենն այնքան բարկացած էր, որ դեպքի մասին մեր հարցադրումներն ընկալում էր որպես հարցաքննություն. «Դուք հիմա ինձ հարցաքննո՞ւմ եք։ Վերջին անգամ եմ ասում՝ նման բան չի եղել։ Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ ծեծել կամ հարվածել բառը չօգտագործեք։ Ես չգիտեմ՝ ինչ երեխայի մասին է խոսքը։ Հիմա ես ոստիկանությանը կասեմ՝ թաղայինին բերման կենթարկեն, որովհետև իրենք արդեն դուրս են գալիս բոլոր «բաներից», իրենք ոստիկան են, չէ՞, թող գործ անեն։ Կրթահամալիրի բարի համբավի հետ են խաղում»։

Մեր պարզաբանմանը, թե ոստիկանության տրամադրած տեղեկության համաձայն, հաղորդման մեջ երեխայի ծնողը նշել է, որ իր երեխային ուսուցչուհին հարվածել է, ոչ թե՝ ծեծել՝ բառի բուն իմաստով, Աշոտ Բլեյանը նշեց՝ իրենց մոտ երեխայի նկատմամբ անթույլատրելի ֆիզիկական որևէ շփում չի եղել. «Մեր մոտ երեխայի նկատմամբ ֆիզիկական ոչ թույլատրված շփում չի եղել»։ Նա ուշագրավ միտք արտահայտեց, որից կարելի է եզրակացնել, որ, այնուամենայնիվ, երեխայի նկատմամբ բռնություն եղել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում