Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում հայագիտական ամբիոն է բացվել

Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանում պաշտոնապես բացվել է հայագիտական ամբիոն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նորաբաց հայագիտական ամբիոնի վարիչ է նշանակվել հայագետ Բալինտ Կովաչը:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանների միջև 2016 թվականի սկզբին ստորագրվել էր համաձայնագիր, որի նպատակն է խթանել երկու համալսարանների կապերը, զարգացնել բուհերի միջև գիտական ու կրթական համագործակցությունը, իրականացնել ակադեմիական փոխանակման ծրագրեր ուսանողների և դասախոսական կազմի համար, գործակցել հայագիտության բնագավառում:

2016 թ. սեպտեմբերից Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի պատմության ինստիտուտի ուսանողներին հնարավորություն է տրվել ստանալ հայագիտության գծով մասնագիտացում, և արդեն համալսարանի մեկ տասնյակից ավելի ուսանողներ նախապատվությունը տվել են հենց այդ մասնագիտացմանը: Իսկ 2017թ. այդ համալսարանը կիրականացնի «Հայագիտություն» առանձին մագիստրոսական կրթական ծրագիր: Մանկավարժական համալսարանի ուսանողները հնարավորություն են ստացել իրենց ուսումնառությունը շարունակել կաթ ոլիկ համալսարանում՝ մեկ կիսամյակ: Փոխադարձաբար սպասվում է նաև նշված համալսարանի ուսանողների այցը ՀՊՄՀ:

Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանը բարձրագույն պետական ուսումնական հաստատություն է, որը ղեկավարվում է կաթոլիկ եկեղեցու կողմից, գործում է Վատիկանի հովանու ներքո: Համալսարանը հիմնադրվել է 1635 թվականին Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին, երբ արքեպիսկոպոս Պիտեր Պազմանը կառուցել է համալսարանը, որը դարակազմիկ նշանակություն է ունեցել Եվրոպայի կրթության և կրոնական մշակույթի պահպանման գործում: Նա համոզված էր, որ համալսարանը ազգի գոյատևման, բարոյական և մտավոր մշակույթի պահպանման միակ երաշխիքն է: Համալսարանում գործում է միջազգային եկեղեցական օրենքի պատմության հետազոտական կենտրոն, հնէաբանական գեո-տեղեկատվական համակարգերի լաբորատորիա, հոգեբանական հետազոտությունների լաբորատորիա, 3D պատկերների մշակման և ստերեոգրաֆիայի հետազոտական խումբ, նանո-բիո տեխնոլոգիաների, սենսորային ծրագրավորման ուղղությունների հետազոտման լաբորատորիաներ և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում