Արծրուն Հովհաննիսյան. Վարդան Ավետիսյանի հայտարարությունը չի արտահայտում ՀՀ ՊՆ դիրքորոշումը

Այսօր որոշ լրատվամիջոցներում տարածվել էր մի հայտարարություն, որի հեղինակը՝ «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ Վարդան Ավետիսյանը, կոչ էր անում աշխարհազորային ջոկատների հրամանատարներին մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը՝ թշնամու հնարավոր հարձակմանը դիմակայելու համար։ 

Հաշվի առնելով այն փաստը, որ Վարդան Ավետիսյանը ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն է, այս հայտարարությունը որոշակի հարցեր է առաջացրել հանրության շրջանում։ Times.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ անհանգստանալու որևէ առիթ չկա։ «Դա բացառապես Վարդան Ավետիսյանի և իր ղեկավարած ՀԿ֊ի՝ «Պահեստազորի սպաների համահայկական միության» կարծիքն է։ Հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, հավանաբար այն ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը», ֊ ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելևլով, որ ՀՀ ռազմական գերատեսչությունն ուշադիր հետևում է հակառակորդի գործողություններին և մշտապես, ըստ անհրաժեշտության, արձագանքում է բոլոր տիպի մարտահրավերներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում