ՀՀ ՔԿ-ն քրգործ է հարուցել Կապանում գազալցակայանի աշխատակցի վրա ավազակային հարձակման դեպքով

ՀՀ ՔԿ-ն քրգործ է հարուցել Կապանում գազալցակայանի աշխատակցի վրա ավազակային հարձակման դեպքով

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։

2016 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 04:30-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ Մ.Ավանեսյանը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա մարմնական վնասվածքն ստացել է նույն օրը՝ աշխատավայրում՝ ավտոգազալցակայանում հարձակման ենթարկվելու հետևանքով։

Նախնական տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 13-ին, ժամը 04:00-ի սահմաններում դիմակավորված անձինք ուրիշի գույքը հափշտակելու նպատակով մտել են Կապան քաղաքում գործող ավտոգազալցակայանի տարածք և որպես զենք օգտագործվող առարկաներով բռնություն գործադրել աշխատակից Մ.Ավանեսյանի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ՝ ծոծրակոսկրի բաց կոտրվածքի, լանջաթաղի սալջարդ վերքի և փակ գանգուղեղային վնասվածքի ձևով։ Հարձակումը նկատել են մյուս աշխատակիցները, ովքեր շտապել են օգնության, և առերևույթ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Սյունիքի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր և կպչուն ժապավեն։ Հարցաքննվել են մի շարք վկաներ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում