Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցմանը զուգահեռ երկրորդ կյանք է տրվում շրջակա համայնքներին

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստան համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանը, աշխատանքները վերջնական կավարտվեն 2017 թվականի կեսերին: Ճանապարհի շահագործման հանձնելուց հետո կակտիվանա ճանապարհի երկայնքով գտնվող շուրջ 35 մեծ ու փոքր համայնքների միջև տնտեսական, սոցիալական կապը:

«Ներկայում 114 կմ երկարությամբ ճանապարհի 110 կմ հատվածը պատրաստ է, որից 88կմ-ը` ասֆալտի երկշերտ ծածկույթով: Սոթքին հաջորդող ոլորապտույտների 4կմ-ի վրա շարունակվում են հողային աշխատանքները` կապված գրունտների ջրահագեցման հետ: Աշխատանքները վերջնական կավարտվեն 2017 թվականի կեսերին: Գարնանը, եղանակային բարենպաստ պայմանների առկայության դեպքում ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն»,-ասաց Հասմիկ Գրիգորյանը: Նոր կառուցվող ճանապարհով երթևեկելու դեպքում Երևանից դեպի Ստեփանակերտ ճանապարհը ժամանակային իմաստով կրճատվում է 1 ժամից մինչև 1 ժամ 15 րոպե, իսկ Երևանից դեպի Մարտակերտ գնալու դեպքում այս ճանապարհն առավել նպատակահարմար է:

Այսօր էլ ընթացքի մեջ է, առաջիկայում էլ կշարունակվի ճանապարհի կահավորումը` ցուցանակների տեղադրում, նշագծում, անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ գործընթացներ: Այս ընթացքում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, այդ թվում` ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ, հենապատեր ու եզրաքարեր, ինչպես նաեւ վերանորոգվել են մեկ տասնյակ մեծ ու փոքր կամուրջները: Բնակավայրերով անցնող հատվածներում` մասնավորապես Գետավանում եւ Եղեգնուտում, կառուցվել են մայթեր:

Հայաստանի, Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցման ամբողջ ընթացքում աշխատանքները վերահսկողության տակ են եղել, ուշադրության կենտրոնում է պահվել ասֆալտի որակի հարցը:

«Որակի ստուգման և վերահսկման նպատակով տարբեր տեղամասերից պարբերաբար վերցվել են նյութեր՝ խիճ, ավազ օրգանական կապակցողներ, ինչպես նաև արտադրված ասֆալտի նմուշները, հանուկները, որոնք ասֆալտապատման աշխատանքների ընթացքում պարբերաբար ուղարկվել են լաբորատոր ստուգման: Վերջնական արդյունքում շահագործման է հանձնվելու անհրաժեշտ չափանիշներին համապատասխան, բարձրորակ ճանապարհ»,-հավելեց Հասմիկ Գրիգորյանը:

Ճանապարհը, շինարարության ամբողջ ընթացքում եղել է երթևեկելի և՛ բեռնատար, և՛ մարդատար ավտոմեքենաների համար: Երթևեկությունը երբևէ չի դադարել: Ի դեպ, այս ճանապարհով արդեն հասցրել են երթևեկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Արցախից Հայաստան են վերադարձել այդ ճանապարհահատվածով:

Վարդենիս-Մարտակերտ հիմնական ճանապարհից դեպի Չափար տանող 5 կմ հատվածը ևս ասֆալտապատվել է: Հիմնադրամն է կառուցել Չափար գյուղի դպրոցը: Այնտեղ ներկայում ևս երեք առանձնատուն է կառուցվում գյուղի բազմազավակ ընտանիքների համար:

«Բարելավվել է նաև դեպի Դադիվանք տանող ճանապարհը: Մասնավորապես, ճանապարհը լայնացվել է մինչև 10 մ, այն դարձնելով անվտանգ: Այն ներկայում ունի խճապատ ծածկույթ, այստեղ ևս գարնանը կասֆալտապատվի»,-ասաց Հասմիկ Գրիգորյանը:

Ծրագրի իրականացմանն են նպատակաուղղվել Հեռուստամարաթոն 2013 եւ 2014-ի հանգանակությունները: Խոշորածավալ ձեռնարկը ավարտին հասցնելու նպատակով միջոցներ են հատկացվել նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությունների կողմից:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցմանը զուգահեռ հիմնադրամը տարբեր համայնքներում իրականացնում է մի շարք ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր: Ներկայում համայնքային կենտրոններ են կառուցվում Գետավան եւ Կոճողուտ գյուղերում: Առանձնատներ են կառուցվում Չարեքթարում, Վանքում: Քարվաճառն ու Գետավանն էլ ունեն կանոնավոր ջրամատակարարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում