Օծանելիքի եւ կոսմետիկայի շուկայում հունվարի 2-ից նոր կանոնակարգ կգործի

Օծանելիք և կոսմետիկ արտադրանք ներկրող, իրացնող և արտադրող տնտեսվարողների համար հունվարի 2-ից գործելու է նոր տեխնիկական կանոնակարգ: Այս մասին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում օծանելիք և կոսմետիկ արտադրանք ներկրող, իրացնող և արտադրող տնտեսվարողների հետ իրազեկում-հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը: Նրա խոսքով` 2016 թվականի 8 ամիսների դրությամբ ոլորտում խախտումների հետ կապված 110 բողոք է ստացվել:

«Բողոքները կապված են նրա հետ, որ կոսմետիկ միջոցները շատ դեպքում չեն համապատասխանում ներկայացված որակին , օգտագործելուց հետո առաջացնում են ալերգիկ ռեակցիաներ»,-ասաց նա՝ հավելելով, որ հունվարի 2-ից ուժի մեջ մտնող կանոնակարգը կկարգավորի ամեն ինչ, սկսած հայերեն լեզվի մակնշումից, ավարտած բաղադրությամբ: «Բավական խիստ չափանիշներ են դրված: Տեսչական մարմնի տեսուչներն այցելելու են վաճառքի վայրեր, ստուգումներ են իրականացնելու: Խախտումների դեպքում կկասեցվի վերջիններիս վաճառքը, իսկ տնտեսվարողը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 300-ա պատիկի չափով»,-հավելեց Խալիկյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լիլի Մաքսուդյանն էլ նշեց, որ կանոնակարգի մասին վաղուց էին հայտարարել: «Այս տեխնիկական կանոնակարգը նախատեսում է երկու համապատասխանության գնահատման ձեւ` մեկը համապատասխանության հայտարարագրում, մյուսը գրանցում»,-հավելեց Մաքսուդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում