Պետդուման վավերացրեց Հայաստանի հետ ՀՕՊ-ի միավորված համակարգի մասին համաձայնագիրը

Պետդուման վավերացրեց Հայաստանի հետ ՀՕՊ-ի միավորված համակարգի մասին համաձայնագիրը

ՌԴ Պետդուման դեկտեմբերի 14-ին ընդունել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրի վավերացման օրինագիծը:

Փաստաթուղթը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագրվել էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:

«Հայաստանը միշտ էլ մեր գործընկերն ու դաշնակիցն է եղել կովկասյան տարածաշրջանում: Համաձայնագրի վավերացումը համապատասխանում է ՌԴ-ի պետական շահերին»,– հայտարարել է Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի պրոֆիլային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում