Միջազգային իրավապաշտպանն արձանագրում է հայատյաց քարոզչության և Քառօրյա պատերազմում տեղ գտած պատերազմական հանցագործությունների միջև կապը

«Ադրբեջանը ևս լծված է Հայոց Ցեղասպանության ժխտողականության գործին, չնայած դա իրեն չի առնչվում։ Սա վկայում է, որ ժխտողականությունը հստակ քաղաքականություն է, որի նպատակն է ատելություն սերմանել հայերի նկատմամբ։ Կարելի է փատել, որ կապ կա այստեղ, քանի որ այն իր ազդեցությունն է թողնում Լեռնային Ղարաբաղի հարցում։ Օրեր առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը զեկույց էր հրապարակել ապրիլյան պատերազմում ադրբեջանցիների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։ Հայերի նկատմամբ խոշտանգումների և անդամախեղումների օրինակներն ատելության քաղաքականության վառ վկայությունն են», – Panorama.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց միջազգային իրավունքի հայտնի մասնագետ, Փարիզի Համալսարանի գիտաշխատող և իրավախորհրդատու Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը, ով մասնագիտացած է միջազգային հանրային իրավունքի ոլորտում։
Կալֆայանի համոզմամբ, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում Հայոց Ցեղասպանության ժխտողականությունը ֆինանսավորվում է «այլևս ոչ թե Թուրքիայի», այլ Ադրբեջանի կողմից։

Մարդու իրավունքների միջազգային դաշնության (FIDH) գլխավոր քարտուղարի պաշտոնը 2001-2007թթ զբաղեցրած իրավապաշտպանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի դիրքորոշում ունի սույն թվականի ապրիլի 2-5-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականցված ռազմական ագրեսիայի ժամանակ ադրբեջանցի զինվորականների իրագործած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանի կարծիքով, ադրբեջանցիների կողմից պատերազմական հանցագործությունների իրագործման պատճառը Ադրբեջանի որդեգրած պաշտոնական հայատյաց քաղաքականությունն է։ Փորձագետի պնդմամբ, հարցը կարող է քննարկվել միջպետական դատական գործընթացներ ծավալելու ուղղությամբ։ Այդ գործընթացը կարող է նշանակալի դեր ունենալ հայ ժողովրդի իրավական պայքարում, այն է` Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում