Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան. Փերինչեքի վերջնական վճռով հայերն ինչ-որ իմաստով հաղթանակ գրանցեցին Եվրոպական դատարանում

«Կարծում եմ, մենք չափազանց մեծ ուշադրություն ենք դարձնում Փերինչեքի գործին («Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի», ՄԻԵԴ Մեծ պալատիվճիռ, 2015 թ.-ի հոկտեմբերի 15 -խմբ.), քանի որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (ՄԻԵԴ) որոշում չի կայացրել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող շվեյցարական օրենքի իրավաչափության վերաբերյալ, և հայերը պետք է առավել լայն իմաստով ընկալեն վճիռը, այն է` հայկական հարցի դիտանկյունից։

«Դատարանը ընդամենը որոշում է կայացրել կոնկրետ պատժամիջոցի մասով։ Նախևառաջ, Մեծ պալատի արձակած վճռում գնահատական և որակում չի տրվում տեղի ունեցած իրադարձություններին (ցեղասպանությանը)։ Դատարանը իրեն դուրս բերեց այդ բանավեճից», – Panorama.am-ի հետ հարցազրույցում ասաց միջազգային իրավունքի հայտնի մասնագետ, Փարիզի Համալսարանի գիտաշխատող և իրավախորհրդատու Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը, ով մասնագիտացած է միջազգային հանրային իրավունքի ոլորտում։

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» ՄԻԵԴ ստորին պալատի վճռի (Դեկտեմբերի 17, 2013թ.) երրորդ տարելիցին ընդդառաջ Panorama.am-ը զրուցել է հայտնի իրավագետի և իրավապաշտպանի հետ` քննարկելու վճռի հետևանքները, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հակահայկական ատելություն սերմանող միջազգային արշավը զսպելու հնարավոր գործողությունները։

«Դատարանի ստորին պալատի 2013 թ.-ի դեկտեմբերի 17-ի որոշումը Հայոց Ցեղասպանության պատմական և քաղաքական իրողության վերագնահատում էր պարունակում, ինչը բացարձակապես անընդունելի էր։ ՄԻԵԴ-ն անցել էր իր իրավասության սահմանները, հիմնվելով բավականին անլուրջ փաստարկների վրա», – հիշատակեց Կալֆայանը, հավելելով, թե նման մեկնաբանությունը ստիպեց Հայաստանի կառավարությանը միջամտել արդեն Մեծ պալատի կողմից քննվող գործին, դատարանի եզրակացությունների մեջ ուղղումներ մտցնելու նպատակով։

Մեկնաբանելով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ Մեծ Պալատի վճռի հետևանքները, Կալֆայանը նշեց, թե այն հաճախ սխալ մեկնաբանությունների և տարընթերցումների է ենթարկվում ինչպես մամուլում, այնպես էլ հանրության կողմից։
Մարդու իրավունքների միջազգային դաշնության (FIDH) գլխավոր քարտուղարի պաշտոնը 2001-2007թթ զբաղեցրած իրավապաշտպանի խոսքով, ՄԻԵԴ Մեծ Պալատի քննարկումներին ներգրավված բոլոր կողմերը` Շվեյցարիան, Ֆրանսիան, Թուրքիան և Հայաստանը, հաստատեցին, որ իրենք ամենևին էլ ցանկություն չունեն ցեղասպանության բանավեճը դարձնել դատարանի քննման առարկա։

«Քանի որ այն չի կարելի դիտարկել Եվրոպական Կոնվեցիայի շրջանակներում (Մարդու Իրավունքների և Հիմնարար Ազատությունների Եվրոպական Կոնվենցիա. Խմբ.), ՄԻԵԴ-ը քրեական դատարան չէ, և նրանք որևէ իրավասութուն չունեն այդ հարցում», – ասաց Կալֆայանը, հավելելով, թե Մեծ Պալատը այս հարցում ուղղում մտցրեց ստորին պալատի ոչ իրավաչափ վճռի մեջ, ընդունելով, որ իրենք իրավասու չեն քննելու ցեղասպանության հարցը, միաժամանակ ճանաչելով պատմական այս փաստերը ցեղասպանություն որակելու շվեյցարական դատարանի իրավունքը։

Կալֆայանն ավելացրեց, որ հայերի համար չափազանց կարևոր է հասկանալ, որ եվրոպական դատարանը չի հերքել պատմական փաստերի հարցում շվեյցարական դատական ատյանների գնահատականը, որոնք նշված փաստերը ցեղասպանության հանցագործություն են որակում։

«ՄԻԵԴ-ը վիճարկեց ոչ թե շվեյցարական դատարանների այդ որոշումը, այլ ընդամենը նրանց կողմից օրենքի արձանագրված խախտման դիմաց կիրառված անհամաչափ պատժամիջոցը», – պնդեց Կալաֆյանը։

«Ինչ-որ առումով Փերինչեքի գործով (ՄԻԵԴ Մեծ Պալատի կողից ընդունված) դատավճիռը հաղթական է հայերի համար», – հավելեց իրավագետը, վկայակոչելով այն փաստը, որ թե′ եվրոպացի դատավորները, թե′ Թուրքիան ու Փերինչեքն ամենևին էլ չհերքեցին հայերի կոտորածների և զանգվածային տեղահանության փաստը։
«Մեծ Պալատի վճռում կա մի հետաքրքիր պարբերություն, որտեղ դատարանը ճանաչում է, որ ցեղասպանությունը հանդիսանում է հայերի ինքնության բաղկացուցիչ մասը, ինչը վերահաստատում է հայերի արժանապատվության ճանաչման իրավունքը։ «Դատարանը ընդունում է, որ դիմումատուի (Փերինչեքի) հայտարարությունների վիճարկումը, որոնցում նա ժխտում էր, թե հայերը ցեղասպանություն են վերապրել, միտված է եղել պաշտպանելու այդ ինքնությունը և, այդպիսով, ներկայիս հայերի արժանապատվությունը (Պարբերություն 156)»։

Այս ձևակերպումը ենթադրում է ցեղասպանության իրողության ճանաչում, քանի որ նրանք աներկբա ճանաչում են դրա առկայությունը` որպես հայերի ինքնության բաղկացուցիչ, խուսափելով դրան որևէ իրավական գնահատական տալուց ու համապատասխան բանավեճի մեջ մտնելուց։ Նրանք այդ փաստերը ընդունում են որպես իրողություն։ Յոթ դատավորներն իրենց տարակարծությունն արտահայտող համատեղ կարծիքի մեջ նույնիսկ ավելի վճռական գտնվեցին։ Նրանք հայտարարեցին, թե Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածներն ու տարհանումը բացահայտ և անժխտելի ցեղասպանություն է, դատավորների ձևակերպմամբ`«ակներև» (self-evident), – մեկնաբանեց Կալֆայանը։

Հիշեցնենք, որ թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005թ․-ի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել էր 1915թ․-ին և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը, իր ելույթներում Հայոց Ցեղասպանությունն անվանելով «միջազգային սուտ»:

Լոզանի դատարանը 2007թ.- ի մարտի 9-ին մեղավոր էր ճանաչել Փերինչեքին «ռասայական խտրականություն սերմանելու համար» (Շվեյցարիայի Քրեական օրենսգրքի 261 հոդված)։ Շվեյցարիայի Վո կանտոնի և ապա Դաշնային գերագույն դատարանները անփոփոխ էին թողել Լոզանի դատարանի վճիռը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին ենթարկելով ֆինանսական և քրեական պատասխանատվության:
Թուրք գործչի հայցով գործը տեղափոխվել էր եվրոպական դատարան։ 2013թ դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը վճռել էր, որ Փերինչեքի նկատմամբ վճռով Շվեյցարիան խախտել է նրա խոսքի ազատությունը, քանի որ նման սահմանափակումը չի ունեցել «հրատապ սոցիալական նշանակություն» և անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում 1915թ ցեղասպանության զոհերի ժառանգների պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու համար:

Հատկանշական է, որ Շվեյցարիայում իր տխրահռչակ հայտարարություններից հետո Փերինչեքը մեկ տարի անց ձերբակալվել էր Թուրքիայում և 2008 թ-ի մարտից մինչ 2014 թ.-ի մարտը բանտում անցկացրել Թուրքիայում ծրագրված հեղափոխության փորձին մասնակելու մեղադրանքով, այնուհետև ազատ արձակվել Էրգենեկոնի գործով անցնող այլ անդամների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում