Պուտինը եւ Էրդողանն արագորեն վերացրին նոր ճգնաժամի սպառնալիքը ՌԴ-ի դեսպանի սպանությունից հետո. Soir

Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարողացան արագորեն վերացնել երկկողմ սուր ճգնաժամի սպառնալիքը Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին այս մասին գրում է բելգ իական Soir ֆրանսալեզու առաջատար թերթը:

«Այն փաստը, որ մարդասպանը եղել է ոստիկանության աշխատակից, բավարար նախադրյալներ է ստեղծում անցյալ տարվա դիվանագիտական սուր ճգնաժամի կրկնվելու համար,– նշել է թերթը:- Ընդհակառակը, նախագահներ Պուտինը եւ Էրդողանը կարողացան արագորեն ականազերծել իրադրությունը»:

«Ձեռնպահ մնալով Անկարայի հասցեին մեղադրանքներից՝ Կրեմլի ղեկավարը հայտարարեց, որ սպանությունը միտված էր ռուս-թուրքական հարաբերությունների եւ Սիրիայում խաղաղության վերահաստատման դեմ: Նույն այդ պահին Թուրքիայի ղեկավարը սպանությունը համարել է սադրանք՝ ռուս-թուրքական հարաբերությունների սաբոտաժի նպատակով: Երկու ղեկավարների գործածած ընդհանուր բառերն ու արտահայտությունները ցուցադրում են, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ուղիղ հեռախոսագիծը գործել է արդյունավետ»,- նշել է թերթը:

Soir-ը նաեւ իր ընթերցողների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ միջադեպը չի հանգեցրել Սիրիայի իրադրության շուրջը Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների՝ դեկտեմբերի 20-ին նախատեսված հանդիպման չեղարկման:

«Այսպիսով, ի տարբերություն 2015 թվականին խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպի, դեսպանի սպանությունը կարող է լոկ թույլ տալ ամրապնդել Ռուսաստանի եւ Թուրքիայի հանգամանորեն նախապատրաստված մերձեցումը»,- եզրափակում է թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում