Բեռլինի ահաբեկչության հետեւանքով տուժածներից 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Բեռլինում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածներից 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հայտնել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը: Նրա խոսքով՝ այդ մարդիկ «շատ ծանր վերքեր» են ստացել:

«Մենք այլեւս կասկածներ չունենք, որ նախօրյակին երեկոյան տեղի ունեցած այդ սարսափելի իրադարձությունը ահաբեկչական գործողություն է»,- ընդգծել է նախարարը:

ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ մեքենայի առեւանգիչը պակիստանցի փախստական է, նա Գերմանիա է ժամանել 2015 թվականի դեկտեմբերի 31-ին: Կարգի պահապանների տվյալներով՝ նա հափշտակել է բեռնատարը, որը բեռ էր տեղափոխում Իտալիայից, եւ միտումնավոր մարդկանց մեքենայի տակ ճզմել հրապարակում:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է որ Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցածը, ամենայն հավանականությամբ ահաբեկչական գործողություն է: «Ներկա պահին ունեցած տեղեկատվությամբ մենք պետք Է ելնենք այն բանից, որ դա ահաբեկչություն էր»,– ասել է նա:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում Վիլհելմ կայսեր հիշատակի եկեղեցու մերձակա սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ է մխրճվել բեռնատար ավտոմեքենան: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին մոտ: Բեռնատարը 50-80 մետր անցել է տոնավաճառի տարածքում՝ բազմության մեջ մխրճվելով 60-80 կիլոմետր/ժամ արագությամբ:

Ըստ վերջին տվյալների, ողբերգության հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել է 12-ի, եւս 50 հոգի հոսպիտալացված է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում