Առողջապահության նախարարը հաջողված է համարում E-health համակարգի ներդրումը

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հաջողված է համարում E-health համակարգի ներդրումը առողջապահության ոլորտում: Տարեվերջյան ամփոփիչ մամուլին լրագրողներին նախարարը տեղեկացրեց, որ ծրագրային իրավասությունների տրամադրման եւ բժշկական անձնակազմի ռեգիստրի ստեղծման նպատակով E-health համակարգ է ներմուծվել պետական պատվեր իրականացնող 470 բժշկական կազմակերպության աշխատողների վերաբերյալ տեղեկատվությունը: «Այս համակարգը թույլ է տալիս վերահսկել բուժման ընթացքը եւ ունի նաեւ ուսումնական գործառույթ»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ համակարգի ներդրումը թույլ կտա նույնատիպ բուժում ստանալ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում: «E-health համակարգին ինտեգրվել է նաեւ ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը», որ ապահովում է Հայաստանում գրանցված դեղերի ցանկերի առցանց թարմացումը համակարգում»,-ասաց Ալթունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում