Սոցիալական ոլորտում պետք է ստեղծել կոռուպցիան բացառող համակարգեր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ հաշմանդամության կարգ տրամադրող կառույցների գործունեությանը և նշեց, որ անհրաժեշտ է ոլորտում իրականացնել արմատական փոփոխություններ: «Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ՝ պետական ծրագրերի ամբողջ սպեկտրով: Պետք է ստեղծեք համակարգեր, որոնք պետք է բացառեն կոռուպցիան: Անհրաժեշտ է բարձրացնել թե՛ ծրագրերի հասցեականությունը, թե՛ դրանց արդյունավետությունը: Հարկ է, որ պետությունը օգնության ձեռք մեկնի կարիքավորին, նրան ոտքի կանգնելուն նեցուկ լինի, սակայն չստեղծի չաշխատելու խթաններ, լինի առարկայական՝ անհատին դժվարին կացությունից դուրս գալու, բայց ոչ այդ պայմաններին սովորեցնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, թե սոցիալական պետական ծրագրերը պետք է այնպես մշակվեն, որ օգնությունը երբեք չբերի չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների, առաջինը հասնի ամենակարիքավորներին, չաղավաղի սոցիալական արդարությունը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում էվոլյուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից, այդ իսկ պատճառով ԲՍՓ-ում պետք են արմատական բարեփոխումներ:

Վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել ոլորտի բոլոր բիզնես պրոցեսներում արմատական փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հիմքում դնելով սկզբունքային մոտեցումները:

«Պետք է տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները՝ պրակտիկորեն բացառելով քաղաքացիների անմիջական շփումը որոշում կայացնողների հետ, ձևավորել որոշումների կայացման կենտրոնացված մարմին: Անհրաժեշտ է վերանայել հաշմանդամության սահմանման գործում չափորոշիչները՝ հստակ տարանջատելով հիվանդ լինելը և հաշմանդամություն ունենալը, յուրաքանչյուր կարգավիճակի համար սահմանելով քաղաքացուն անհրաժեշտ ծառայությունների ծավալը և սոցիալական երաշխիքների համակարգը»,- ասաց Կարապետյանը՝ հանձնարարելով նաև ներկայացնել առաջարկություն նոր անձնակազմի ձևավորման, նրանց որակավորմանը ներկայացվող պահանջների, թվաքանակի, վարձատրության մեխանիզմների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում