Սեւանա լճի մակարդակը նախորդ տարեվերջի համեմատ բարձր է մնում 27 սանտիմետրով

2016 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 47 սանտիմետր բարձրության վրա, ինչը 27 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, տարվա ընթացքում Սեւանա լճի առավելագույն նիշը, մինչեւ լճից կատարվող ջրբացթողումները, կազմել է 1900 մետր 73 սանտիմետր: Ոռոգման նպատակներով բաց թողնված 167 միլիոն խորանարդ մետր ջրի, Սեւան թափվող գետերի ելքերի նվազման եւ գոլորշացման որոշակի քանակության արդյունքում լճի մակարդակը հունիս-դեկտեմբեր ամիսներին նվազել է մոտ 26 սանտիմետրով, սակայն նախորդ տարեվերջի նիշից բարձր է մնում 27 սանտիմետրով: «Գարնանային վարարումների, Արփա-Սեւան թունելային ջրատարի գործարկման եւ ստորերկրյա հոսքի արդյունքում մենք կունենանք Սեւանի մակարդակի բարձրացում մինչեւ նախորդ հունիսն ունեցած ցուցանիշը՝ 1900 մետր 73 սանտիմետրը, գուցե եւ ավելին»,- իրավիճակը ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Նշան Ստեփանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում