Երեք երիտասարդների մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում

Երեք երիտասարդների մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք երիտասարդների մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից

Հունվարի 15-ին՝ ժամը 09։25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ Նազարբեկյան 22 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակից իրենց մոտ է տեղափոխվել նշված շենքի բնակիչ, 1994 թ. ծնված Գարիկ Ստեփանյանի դին։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ ավտոտնակում, հայտնաբերվել է ևս երկու երիտասարդի դի. մեկը՝ ավտոտնակում կայանված ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին, մյուսը՝ մեքենայի աջ կողմում, հատակին։ Դիակների զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննությամբ պարզվել է, որ ավտոտնակում հայտնաբերված երկու տուժողները եղբայրներ են՝ 1992 և 1994 թթ ծնված Արթուր և Արտյոմ Սարկիսովները։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելը)։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեք երիտասարդների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում