Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հուշագիր կստորագրի Անդյան հանրակցության հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատրաստվում է մոտ ժամանակներս փոխըմբռնման հուշագիր ստորագրել Անդյան հանրակցության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԵԱՏՀ-ի ինտեգրացման եւ մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան: 

«Մենք ակտիվորեն հարաբերություններ ենք զարգացնում տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ: Եվ այժմ քննարկում ենք ակտիվ փոխգործակցությունը լատինամերիկյան ինտեգրացիոն միավորումների հետ, նրանք շատ մեծ հետաքրքրություն ունեն,– լրագրողներին պատմել է Վալովայան, որը մասնակցել է ԵԱՀԿ-ի 25-րդ Տնտեսաբնապահպանական համաժողովի առաջին նախապատրաստական հանդիպմանը կազմակերպության Վիեննայի կենտրոնակայանում:- Մոտ ժամանակներս հուշագիր կստորագրենք Անդյան հանրակցության հետ, որը հնագույն տարածաշրջանային կազմակերպություններից մեկն է: Դրան արդեն հավանություն են տվել երկու կողմերը»:

Անդյան հանրակցությունը տարածաշրջանային սոցիալ-տնտեսական ընկերակցություն է, որի մեջ մտնում են Բոլիվիան, Կոլումբիան, Էկվադորը եւ Պերուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում