Հայկական սփյուռքի ներուժը մեր խաղաքարտն է. վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել է երկրի կյանքում հայկական սփյուռքի մասնակցության մասին: Ռուսական «Միր 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ մասնակցություն ունի հայկական սփյուռքը Հայաստանի կյանքում, ընդգծել է, որ հայ ժողովրդի մեծամասնությունը օրինապաշտ և հայրենասեր մարդիկ են:

«Միևնույն ժամանակ, նրանք մեծ պատասխանատվություն և հետաքրքրության զգացում են դրսևորում իրենց պատմական հայրենիքում կատարվող իրադարձությունների նկատմամբ: Մենք պետք է հասկանանք, որ հայկական սփյուռքը և Հայաստանի քաղաքացիները մեկ միասնություն են: Դա մեկ ազգ է` անկախ նրանից, թե որտեղ են այս պահին նրանք ապրում»,- ասել է Կարապետյանը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի համար ամենակարևորը մարդկային կապիտալն է: «Մենք իրականում կարծում ենք, որ դա ամենահզոր կապիտալն է: Մեր սփյուռքի ներուժն էլ այս առումով մեր խաղաքարտն է: Հայկական սփյուռքը կարող է մասնակցություն ունենալ ամեն ինչում»,- նշել է ՀՀ վարչապետը:

Նա հավելել է, որ երբ սիրիական հակամարտության հետևանքով բազմաթիվ սիրիահայեր տեղափոխվել են Հայաստան, երկրում էական փոփոխության է ենթարկվել ծառայությունների ոլորտը և բիզնես միջավայրը: «Նրանք իրենց հետ բերել են կառավարման, շփման սեփական մշակույթը, իրենց ուղեղն ու ինտելեկտը»,- եզրափակել է Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում