Թրամփը հավաստեց Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու մտադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան ղեկավարը հունվարի 25-ին հայտարարել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: 

«Ես միանգամայն ստույգ անվտանգության գոտիներ կստեղծեմ Սիրիայում»,- ասել է նա:
Թրամփը նաեւ հայտարարել է, որ, իր կարծիքով, «Եվրոպան վիթխարի սխալ գործեց՝ թույլ տալով միլիոնավոր փախստականների» հայտնվել Գերմանիայում եւ եվրոպական այլ երկրներում: «Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, աղետ է, եւ ես չեմ ցանականում, որ դա տեղի ունենա նաեւ ԱՄՆ-ում»,- ասել է նախագահը:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հայտնել է, որ Թրամփը մոտ ժամանակներս կարող է հրամանագիր ստորագրել Սիրիայում քաղաքացիական բնակչության համար այսպես կոչված հումանիտար գոտիների ստեղծումն սկսելու մասին:

«Պետքարտուղարը պաշտպանության նախարարի հետ վոխգործակցությամբ սույն հրամանագրի ստորագրման պահից 90 օրվա ընթացքում պետք է ներկայացնի Սիրիայում եւ նրան հարող շրջաններում անվտանգության գոտիների ստեղծման պլան, որտեղ Սիրիայի այն բնակիչները, որոնք հեռացել են իրենց հայրենիքից, կկարողանան սպասել հայրենադարձմանը կամ երրորդ երկրներ հնարավոր վերաբնակվելուն»,- ասված է փաստաթղթի տեքստում, որը հայտնվել է գործակալույթան տրամադրության տակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում