Ավելի քան 860 հազար մարդ է պաշտպանել Մեծ Բրիտանիա Թրամփի պետական այցը թույլ չտալու հանրագիրը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում Միացյալ Թագավորություն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը թույլ չտալու մասին առցանց-հանրագիրը սրընթաց կերպով մոտենում է մեկ միլիոն ստորագրության հասնելուն: Այս պահին կոլեկտիվ խնդրագրի տակ ստորագրել է ավելի քան 860 հազար բրիտանացի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Թույլ չտալ Դոնալդ Թրամփի պետական այցը Միացյալ Թագավորություն» վերտառությամբ հանրագիրն ավելի վաղ զետեղել է ոմն Գրեմ Գեսթ: Արդեն մի քանի ժամ անց այն հավաքել է 100 հազար ստորագրություն, որն անհրաժեշտ է օրենսդիր մարմնի կողմից հանրագրի պաշտոնական քննարկման համար: Դրա կողմնակիցների թիվը շարունակում է աճել:

Խնդրագրի տեքստում նշված է, որ «Դոնալդ Թրամփին պետք է թույլ տրվի մուտքը Մեծ Բրիտանիա որպես ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար, սակայն նա չպետք է հրավիրվի պաշտոնական պետական այցով»:

Ավելի վաղ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում