Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել է միջազգային պայմանագրերը խախտելու մեջ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել Է միջազգային պայմանավորվածությունները խախտելու մեջ՝ կապված սահմանապահ գոտիների վերականգնման հետ: 

Փետրվարի 1-ին Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակվել են Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) երեք հրամանագրեր, որոնցից հետեւում է, որ Բելառուսի հետ սահմանին ստեղծվում են սահմանապահ գոտիներ՝ Պսկովի, Սմոլենսկի եւ Բրյանսկի մարզերում: Որոշումը ուժի մեջ է մտնում փետրվարի 7-ից:

«Դուք պատկերացրեք՝ գոյություն ունեն միջպետական պայմանագրեր եւ համաձայնագրեր: Եվ ինչ-որ մի նախարար, թող որ նույնիսկ ուժեղ, ԱԴԾ-ական կամ մեկ ուրիշը, գրչի մի հարվածով խաչ է քաշել բոլոր պայմանավորվածությունների վրա՝ հրապարակելով իր հրամանագիրը… Նախարարը գրչի մի հարվածով դա ջնջել է: Դա ինչ է՝ նորմա՞լ է»,-ասել է Լուկաշենկոն Մինսկում կայացած մեծ մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ բելառուսական կողմը 80 երկրների քաղաքացիների մինչեւ հինգ օր ժամկետով անայցագիր մուտք է թույլատրել երկիր: Միութենական պետության շրջանակներում Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ գոյություն ունի ազատ ուղեւորությունների ռեժիմ, եւ այն օտարերկրացիները, որոնք առանց այցագրերի ժամանել են Մինսկ, կարող են անօրինականորեն թափանցել Ռուսաստանի տարածք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում