ԱԺ-ն հաստատեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգը

Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց 5-րդ գումարման խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգը: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց հանձնաժողովի ձևավորման կարգը: «Առաջարկվում է հաստատել, որ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը կազմված է 12 անդամից, որոնցից 6-ը կլինեն ՀՀԿ խմբակցությունից, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, իսկ մնացած խմբակցություններից կլինի մեկական ներկայացուցիչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գալուստ Սահակյանը:

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին հարցին կողմ քվեարկեցին 68, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 6 պատգամավոր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խմբակցություններին խնդրեց գրավոր ներկայացնել իրենց ներկայացուցիչների ազգանունները, ովքեր կընդգրկվեն ձևավորվելիք հանձնաժողովում:

ԱԺ նախագահը նաև խմբակցություններին խնդրեց ներկայացնել այն պատգամավորների անունները, ովքեր ընդգրկվելու են էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում