ՀԱԷԿ-ի արդիականացման աշխատանքները կշարունակվեն

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքներն այս տարի կշարունակվեն։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի խոսքով, 2017թ. ընթացքում նախատեսվում են իրականացնել էներգաբլոկի սարքավորումների, համակարգերի և շինությունների արդիականացման նա խագծային աշխատանքները, սարքավորումների մնացորդային պաշարի հաշվարկային հիմնավորումը, ճառագայթային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Արդյունքում կմշակվի երկրորդ էներգաբլոկի սարքավորումների և համակարգերի արդիականացման նախագիծը, ինչպես նաև կհիմնավորվի չփոխարինվող ու չվերականգնվող սարքավորումների հետագա շահագործման հնարավորությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ Արտեմ Պետրոսյանի, էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները, որոնք նախատեսված էին 2016թ., հաջողությամբ ավարտել են։ Կատարվել է ավելի քան 4500 միավոր սարքավորումների, համակարգերի և բաղադրիչների զննում, ինչի արդյունքում հաստատվել է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորությունը՝ սահմանված պայմաններով: Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների շրջանակներում իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում չեն հայտնաբերվել այնպիսի թերություններ, որոնք կխոչընդոտեն ռեակտորային տեղակայանքի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում