ԵԽԽՎ-ի պատվիրակությունը պլանավորում է մասնակցել ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովին

ԵԽԽՎ-ի՝ 29 մարդուց բաղկացած պատվիրակությունը՝ վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտի գլխավորությամբ, պլանավորում է ժամանել ԱՊՀ-ի պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի՝ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք նիստին: Այդ մասին փետրվարի 10-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: 

ԱՊՀ-ի պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը տեղի կունենա մարտի 27-28-ին Սանկտ-Պետերբուրգում:

«ԵԽԽՎ-ն մշտական հանձնաժողովի շրջանակներում ժամանակավոր կոմիտե Է ձեւավորել ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին մասնակցելու համար: Դրան ցուցակագրվել է 28 մարդ, եւ դա առանց վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտի: Նրան հաշված՝ կլինի 29 մարդ»,-ասել է ռուս խորհրդարանականը:

Նա ընդգծել է, որ ժամանակավոր կոմիտեի կազմում ընդգրկված են վեհաժողովի բոլոր հինգ քաղաքական խմբերի ղեկավարները:

ԱՊՀ-ի ՄԽՎ-ի միջոցառումներին նման մասնակցության նախաձեռնությամբ հանդես է եկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ասել է Կոսաչովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում