Աշխարհը տոնում է ռադիոյի միջազգային օրը

Աշխարհը տոնում է ռադիոյի միջազգային օրը

Ռադիոն զանգվածային լրատվության ամենամատչելի տեսակն է համարվում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական կոմիտեի առաջարկով 2011 թվականի սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ը «Ռադիոյի միջազգային օր» է ընդունել փետրվարի 13-ը: Այս իրադարձության կապակցությաբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց ռադիոհաղորդավարներ Սարգիս Նաջարյանի և Լուսինե Բադալյանի հետ:

«Կարծում եմ՝ ռադիոն միշտ եղել է, կա և կլինի: Այն մեր լավագույն բարեկամն է և տան անդամը: Բնականաբար ժամանակի ընթացքում պետք է փոխվի ռադիոյի ռիթմը, որակը, սակայն նրա կարևորագույն առաքելությունը ճշմարիտ տեղեկատվություն հաղորդելն է: Ռադիոն պետք է խոսի. այն կենդանի ոգի է…

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ռադիոն դաստիարակչական առաքելություն է կատարում: Այն ոչ միայն պատերազմ հայտարարելու, բացասական տեղեկություններ հաղորդելու, այլև դրական էմոցիաներ փոխանցելու, բուժելու, խաղաղեցնելու, գեղեցիկ զգացողություններ արթնացնելու համար է:

Ռադիոն, լինելով ոչ տեսողական լրատվամիջոց, այնպիսի հաղորդումներ, վիճակ, մթնոլորտ պետք է ստեղծի, որ, ինչպես ասում էր դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանը, ռադիոունկնդիրը տեսնի և հավատա քեզ…

Իմ 45 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում և՛ հեղինակային և ոչ հեղինակային հաղորդումներ պատրաստելիս արել եմ ամենը, որ ռադիոլսողը ոչ թե մեկ օր կամ մեկ ժամ, այլ տարիներ շարունակ լսի դրանք»,-նշեց «Հանրային ռադիո»-ի հաղորդավար Սարգիս Նաջարյանը:

«Ռադիո Վան»-ի հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի խոսքով՝ երբ ինքը նոր էր աշխատում ռադիոյում, այն շատ մեծ տեղ էր զբաղեցնում հասարակության կյանքում: «Ռադիոն մրցում էր հեռուստատեսության հետ. այն անմատչելի ու բավականին լուրջ աշխարհ էր, արծարծում էր հասարակությանը հուզող բազմաթիվ խնդիրներ, հաղորդվող տեղեկատվությունը հստակ էր, ճշգրտված:

Ներկայումս ինտերնետի և այլ լրատվամիջոցների առկայությունը ետն պլան են մղել ռադիոն: Այն ավելի մատչելի ու ժամանցային է դարձել, բայց դեռ իր ուրույն տեղն է զբաղեցնում լրատվության ոլորտում:

Ցանկանում եմ, որ ռադիոունկնդիրների չլուծված խնդիրները լուծվեն և իրականանան նրանց նվիրական երազանքները»,-ընդգծեց Բադալյանը:

Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թվականին՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին։ Այդ նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը՝ ռադիոհաղորդագրություն է ուղարկել ռուսական նավատորմից Կռոնշտադ։ 1901 թվականին՝ Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն է ուղարկել Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա)։ 1920 թվականին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները։

Առաջին անգամ Ռադիոյի օրը տոնական նշվել է ԽՍՀՄ-ում 1925 թվականին, իսկ 1945 թվականից այն նշվում է ամեն տարի։ Տոնակատարության օր ընտրվել է Ալեքսանդր Պոպովի առաջին ռադիոհաղորդագրություն ուղարկելու օրը՝ մայիսի 7-ը։

2010 թվականի սեպտեմբերի 30-ին Իսպանիան Էսպանիոլա դե լա ռադիո ակադեմիայի (իսպ.՝ Academia Española de la Radio) հարցումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական կոմիտեին առաջարկել է ընդունել «Ռադիոյի միջազգային օր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում