ԵԽ հանձնակատարը դատապարտել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները

ԵԽ հանձնակատարը դատապարտել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժինեկս Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում արձանագրել է մարդու իրավունքների ոլորտում գրանցված խիստ սահմանափակումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Զեկույցում Մուժինեկսը նշել է, որ Թուրքիայում ձերբակալված լրագրողների թիվը հասել է 151-ի: «Մամուլի և խոսքի ազատության հետ կապված խնդիրները, որոնք ահազանգող մակարդակի էին հասել, հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում ավելի են խորացել: Անհրաժեշտ քայլերից առաջինը պետք է լինի արտակարգ դրության վերացումը և անընդունելի քանակությամբ խոսքի ազատության ոտնահարումները դադարեցնելը»,– ընդգծել է հանձնակատարը:

25 էջանոց զեկույցում Մուժինեկսը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում խիստ սահմանափակումներ են դրվել սոցիալական ցանցերի վրա, փակվել են շուրջ 158 ռադիո, հեռուստատեսություն և թերթ: «Ոչ Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչական հարձակումներ, ոչ էլ ռազմական հեղաշրջման փորձը չեն կարող արդարացնել նման միջոցները»,- ասել է նա:

Հանձնակատարը ընդգծել է, որ ժողովրդավարության մակարդակն ահազանգող աստիճանի իջեցվել է, շուրջ 4 հազար 500 ակադեմիկոս տարբեր պատճառներով հեռացվել են աշխատանքից, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 պատգամավոր կալանավորված է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում