Անհարկի համեմատություններ անելով ընդդիմադիր չեն լինում

Ցանկացած մարդ կարող է ունենալ կարծիք և այդ կարծիքը ազատ արտահայտելու իրավունք: Պարտադիր չէ, որ այդ կարծիքը կիսեն շատերն ու ծափահարեն կարծիքատիրոջը:

Ինչ խոսք, կարելի է նաև թերահավատորեն մոտենալ ապագա ընտրություններին, բոյկոտելու կոչեր հնչեցնել և քննադատել թե՛ իշխանություններին, թե՛ քաղաքական համակարգի այն հատվածին, որը չի պատրաստվում հետևել ոմանց բոյկոտի կոչերին ու դրանով էլ, ըստ այդ կոչերը հնչեցնողների, սպասարկում է իշխանությունների շահերը:

Այս ամենը քաղաքական գնահատականներ են, մոտեցումներ, տեսակետներ, որոնց հետ կարելի է համաձայնվել կամ չհամաձայնվել: Վերջապես քաղաքական հայացքների, տեսակետների ու միջոցների տարբերությունն էլ հենց հանդիսանում է ժողովրդավարության արժեքներից մեկը, քանի որ հանրությանը առաջարկում է տարաբնույթ գաղափարներ, նրան տալով ընտրելու լայն հնարավորություն:

Սակայն ամեն ինչ գեղեցիկ է ու ընդունելի, երբ չի անցնում բարոյականության սահմանները: Նույնիսկ համեմատությունները պետք է չափ ունենան ու բերվեն այնպիսի օրինակներով, որ մեղադրվող կողմը արդարանալու հնարավորություն ունենա:

Այսօր ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր Արամ Մայիլյանը հարցազրույց է տվել, որում ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ «Քաղաքական էլիտան» եւ այս «ընտրությունների» բոլոր մասնակիցները միասին վերցրած չարժեն Քյարամ Սլոյանին:

Այս հայտարարությունը բարոյական համարելը դժվար է: Նախ դրանով Արամ Մայիլյանը մեր զոհված հերոսի անունը թաթախում է քաղաքական իր համեմատությունների շրջանում, դրանով անհարմար վիճակի մեջ դնելով բոլորին ու առաջին հերթին ցավ պատճառելով հերոսի հարազատներին: Բացի այդ նա քաղաքական համակարգի երեսին շպրտում է մի մեղադրանք այնպիսի համեմատությամբ, որ ցանկացած բարոյական մարդ տվյալ պահին կգերադասի կուլ տալ վիրավորանքը, քան փորձել արդարանալ: 

Նման տմարդի համեմատություններ անելուց փոխարեն, նախկին պատգամավորը լավ կանի իր ընդդիմադիր կեցվածքը ապացուցի ելքեր, ճանապարհներ ցույց տալով, այլ ոչ մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելով ու ընդդիմադիրի կերպարը խոհանոցային բամբասանքի աստիճանին իջեցնելով:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում