Վարդան Արամյանը նախընտրական քարոզարշավին չի մասնակցելու

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների քարոզարշավին չի մասնակցելու: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վարդան Արամյանը հերքեց դիտարկումը, թե պետական ոլորտի բոլոր աշխատողներին հրահանգված է նախընտրական շրջանում ակտիվ աշխատանք տանել իշխող Հանրապետական կուսակցության օգտին: «Նման բան չկա, ես ձեզ վստահեցնում եմ: Քարոզչությանն էլ ես չեմ մասնակցելու, ես անելու եմ իմ աշխատանքը: Ես կուսակցության ցուցակում չկամ, ինձ այլ դերակատարում է տրված»,- ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե ամեն դեպքում հրահանգ կա՞ ՀՀԿ-ի համար աշխատանք տանել, Վարդան Արամյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մեր լավագույն աշխատանքն այն կլինի, որ մենք ի կատար ածենք այն ամենը, ինչ ամիսներ առաջ խոստացել ենք մեր հանրությանը: Ես մի քանի անգամ զեկույցով հանդես եմ եկել: Օրինակ, երբ մենք մի քանի ամիս առաջ խոսում էինք գնումների ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության մասին, այսօր արդեն դա ի կատար ենք ածել: Ես կարծում եմ, որ կարևոր է, որ մենք ներկայացնենք հանրությանը, թե ինչ ենք արել ու ինչ ենք անելու: Ահա սա է կարևոր աշխատանքը»,- նշեց Վարդան Արամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում