Հարավային Կորեան հորդորել է ԱՄՆ-ին՝ ԿԺԴՀ-ն ներառել ահաբեկչական պետությունների ցուցակում

Վաշինգտոնը պետք է ԿԺԴՀ-ն ներառի ահաբեկչական պետությունների ցուցակում: Այդ խնդրանքը, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Յոնհապ» գործակալությանը, հայտնել են կարավկորեացի խորհրդարանականները: 

Կորեայի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության կոմիտեի նախագահ Կիմ Յոն Վուն հայտարարել է, որ համապատասխան նամակ է ուղարկել ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի կոմիտեի ղեկավար Ջոն Մաքքեյնին:

«Կիմ Չեն Նամի վերջերս կատարված սպանությունը ցույց է տալիս հյուսիսկորեական ռեժիմի դաժանությունը»,-հայտարարել է խորհրդարանականը: Նա ԿԺԴՀ-ին մեղադրել է այդ հանցագործության կազմակերպման մեջ: «Հայտնի է, որ միջադեպի հետ կապված է հյուսիսկորեացի դիվանագետը»,- նշել է նա, ընդգծելով, որ խոսքը վերաբերում է «ԿԺԴՀ-ի իշխանությունների ղեկավարությամբ կատարված ահաբեկչությանը»: Փենյանը մերժում է բոլոր մեղադրանքները:

Հարավկորեացի խորհրդարանականների ուղերձը դիվանագիտական փոստով Մաքքեյնին կհասցվի հաջորդ շաբաթ:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Մալայզիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդի եղբոր մահը վրա է հասել թունավորման հետեւանքով, ընդ որում օգտագործված թույնը մտնում է մարտական թունավոր նյութերի կատեգորիայի մեջ: Նախնական եզրակացության համաձայն՝ Կիմ Չեն Նամը թունավորվել է այն քիմիկատով, որը հայտնի է որպես VX: Փորձագետներն այս եզրակացությանն են հանգել՝ տարրալուծելով այն նյութը, որը մնացել էր զոհվածի դեմքին եւ աչքերին:

Կիմ դեն Նամը մահացել է անցյալ շաբաթ այն բանից շատ չանցած, երբ Քուալա Լումպուրի օդանավակայանում նրա գլխին թունավոր նյութով թրջված թաշկինակ են նետել:

Սպանությանը մասնակցել են երկու կանայք: Մեկը շեղել է Կիմ Չեն Նամի ուշադրությունը, իսկ մյուսն այդ ժամանակ հետեւից նրա դեմքին է նետել թունավորված թաշկինակը:

Երկու կանանց (Ինդոնեզիայի եւ Վիետնամի անձնագրերով) քննիչները ձերբակալել են անմիջապես: Ոստիկանությունում նաեւ հայտնել են Հյուսիսային Կորեայի 46-ամյա մի բնակչի ձերբակալման մասին՝ Ռի Չոն Չհոլ անվամբ:

Կասկածյալների թվում են նաեւ հյուսիսկորեացի մի դիվանագետ եւ ԿԺԴՀ-ի ավիաընկերության մի աշխատակից:

Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին է, որը ծնվել է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն շնորհազրկման է ենթարկվել 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում