Գյումրիում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 152-ամյակը

Գյումրիում փետրվարի 25-ին նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 152-ամյակը: Ինչպես միշտ, այս անգամ ևս Գյումրիում բոլորը հավաքվել էին Անդրանիկ զորավարի հուշարձանի մոտ: Ի հիշատակ մեծ հայդուկապետի, քաղաքային իշխանություններ ներկայացուցիչները՝ Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի գլխավորությամբ, արվեստի ոլորտի, երաժշտական դպրոցների ու թանգարանների ներկայացուցիչները ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին զորավարի հուշարձանին: Գյումրու փողային նվագախումբը հանդես եկավ հայդուկական եւ ազգագրական երգեր ի կատարումներով:

Շուրջ երեսուն տարի Օսմանյան կայսրության դեմ մարտնչած հայդուկապետին, ով ստանձնեց նաեւ հայկական կամավորական առաջին գնդի հրամատարությունը, հիշել եւ արժևորել է պետք միշտ. այս մասին նշում էին ներկաները:

«Անձամբ ես ինձ իրավունք չեմ վերապահում գնահատել Անդրանիկ Օզանյանի դերը, քանի որ յուրաքանչյուր ֆիդայական շարժման ակունքում Անդրանիկ Օզանյանն է՝ ամենանվիրյալը, ով իրեն մինչև վերջ նվիրեց հայ ազգի ազատագրական շարժմանը: Անդրանիկ զորավարից թշնամին վախեցել է: Գուցե չունենայինք նաև այն, ինչ ունենք հիմա, եթե չլիներ զորավարը»,-«Արմենպրես»-ի հետ զրուկցում նշեց Գյումրու «Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարան»-ի տնօրեն Արա Պապանյանը: Մեր այն հարցին, թե ինչու միջոցառմանը ներկա չեն երիտասարդներ ու դպրոցականներ՝ Արա Պապանյանը նշեց, որ դա ինչպես իր, այնպես էլ իր սերնդակիցների սխալն է, որը պետք է շտկել: «Ցավալի է, ես ու իմ սերնդակիցները պետք է այնպես անեինք, որ այսօր այստեղ շատ երեխաներ լինեին: Թեև չեմ հերքում՝ լավ սերունդ ունենք: ճիշտ է՝ Անդրանիկ Օզանյան չունեք, բայց օզանյաններ ունենք՝ նրանք ովքեր փորձում են նմանվել քաջ հայորոդուն»,-հավելեց Արա Պապանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում