Ո՞վ է մեղավոր․․․

Հաց բերողին երկրորդ անգամ կալանավորելուց հետո այս հարցի պաշտոնական և ոչ պաշտոնական պատասխաններն ու պարզաբանումները ողողել են մամուլը․ ընդ որում, այս առումով պարբերաբար տարբեր լրատվամիջոցներով հայտարարարություններով հանդես է գալիս Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը, ում գործունեությունը վերջերս որոշակի հարցեր է առաջացրել։

Politics.am-ի հավաստի տեղեկություններով՝ Արթուր Սարգսյանը Հատուկ քննչական ծառայություն չներկայանալու որոշումը ոչ թե ինքնակամ է կայացրել, այլ իր փաստաբան Տիգրան Եգորյանի հորդորներով: Թեպետ վերջինս այսօր իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը իրավապահ համակարգի վրա է բարդում, սակայն իրականում նա իր դերակատարումն ունի Ա. Սարգսյանի` նախաքննական մարմին չներկայանալու հարցում: Այսինքն, Politics.am-ի տեղեկություններով, Ա. Սարգսյանը ցանկացել է ներկայանալ ՀՔԾ, սակայն այդ հարցի շուրջ անհամաձայնություն է ունեցել փաստաբանի հետ և հետագայում նրան մեղադրել նախաքննական մարմնի կողմից իրեն կրկին կալանավորելու որոշման համար:

Հատուկ քննչական ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ նախաքննական մարմնի կողմից Արթուր Սարգսյանին ձերբակալելու որոշում է կայացվել՝ հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը, ըստ որի՝ եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները, ապա քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի որոշում ընդունել տվյալ անձին ձերբակալելու մասին, իսկ Արթուր Սարգսյանը բազմիցս, այդ թվում փաստաբան Եգորյանի հորդորներով խախտել էր այդ պայմանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում