Վարդան Արամյանը հարկահավաքման ոլորտում դրական զարգացումներ է արձանագրում

Հայաստանը և հունվար, և փետրվար ամիսներին գերակատարել է հարկերի հավաքագրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա հավաստմամբ` գերակատարումը եղել է և՛ ծրագրածի նկատմամբ, և՛ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

«Հարկերի տարեկան 1 տրլ 135 մլրդ ցուցանիշն ապահովվելու համար նախատեսված է եղել հունվարին հավաքագրել 77.6 մլրդ դրամ հարկ: Մենք նախատեսված ցուցանիշը շուրջ 3 մլրդ դրամով ավելի ենք հավաքագրել, ինչը նախանշում է, որ դրական զարգացումներ կան նաև հարկահավաքման ոլորտում: Նույն միտումը դրսևորվել է նաև փետրվարին, երբ նախատեսել էինք 80 մլրդ դրամ, բայց հավաքագրեցինք 83.6 մլրդ»,-ասաց Արամյանը:

Նախարարի խոսքով` մարտին ևս նկատվում են առաջանցիկ տեմպեր: Ակնկալվում է, որ նման տեմպով շարունակվելու դեպքում հարկերի հավաքագրումը ևս ծրագրվածից ավելի կլինի:

2017 թվականի առաջին երկու ամիսները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համադրելու դեպքում կստանանք շուրջ 15 մլրդ դրամի հարկերի հավաքագրման աճ:

«Այս աճը նախանշում է նաև այն ջանքերը, որը վարչապետը, ՊԵԿ նախագահը և ես իրականացնում ենք հարկերի պատշաճ կատարման համար»,– ասաց նախարարը:

Արամյանը նաև վստահեցրեց, որ ներքին պարտքի ցուցանիշների մասով ևս կան դրական զարգացումներ: Դրանց տոկոսադրույքները` հունվար-փետրվարի տեղաբաշխումներից հետո` 14 տոկոսից նվազել են մինչև 9.6 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում