ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ զինվորական դատախազին

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: ՀՀ գլխավոր դատախազը կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կ ապերի բաժնից:

Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել նախկին ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանին՝ դատախազական համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար:

Հաջողություններ մաղթելով նորանշանակ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին՝ Գլխավոր դատախազը բարձր է գնահատել նրա պրոֆեսիոնալիզմը և իրավապահ համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը:

Արթուր Դավթյանը ևս մեկ անգամ շեշտել է զինված ուժերում հանցավորության կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը, ընդգծելով քրեածին պատճառներն ու պայմանները վերացնելու նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու կարևորությունը:

Գլխավոր դատախազը նշել է, որ բանակը ՀՀ անվտանգության երաշխավորն է, միաժամանակ ընդգծելով, որ այս ոլորտում դատախազական աշխատանքն առավել զգայուն և մանրակրկիտ պետք է լինի, քանի որ հայկական զիված ուժերում ծառայող զինվորն իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում