Միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Հայաստանում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին

Ռուսական և ամերիկյան մի շարք հայտնի լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից ի վեր առաջին անգամ անցկացվող խորհրդարանական ընտրություններին, գրում է Թերթ.am-ը:

Մասնավորապես, ՌԻԱ «Նովոստի»-ն գրում է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միայն «Ելք»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ն են կողմ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ «Ելք»-ը դեմ էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն, մինչդեռ «Ազատ դեմոկրատներ»-ը կոչ է անում դուրս գալ ԵԱՏՄ կազմից ու փոխարենը՝ հարաբերությունները զարգացնել Եվրոպական միության հետ: Մյուս քաղաքական ուժերը կողմ են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը:

«Գազետա.ռու»-ն նշում է, որ ընտրությունների ընթացքին հետևող 28.000-ից ավելի դիտորդների թվում է նաև ամբողջ աշխարհում լայն ճանաչում վայելող System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

Մինչդեռ ամերիկյան ABC News-ը նկատում է, որ առաջատարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունն է, որի հաղթանակի դեպքում գործող նախագահն իր լիազորությունները վայր դնելուց հետո, հավանաբար, կնշանակվի վարչապետի պաշտոնում: Այս հարցում աղբյուրի հետ համակարծիք է նաև Fox News-ը։

ABC News-ը մեջբերում է անկախ քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մինասյանի խոսքը, ըստ որի՝ իշխող կուսակցությունն էական առավելություն ունի, քանի որ կիրառում է վարչական ու քարոզչական բոլոր լծակները:

Նշվում է նաև, որ Եվրոպական միությունը ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է առաջարկել Հայաստանին ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: Բացի այդ, ԵՄ հայաստանյան ներկայացչությունն իր մտահոգությունն է հայտնել որոշ քաղաքական ուժերին օգնելու նպատակով կեղծիքների, ձայներ գնելու փորձերի իրականացման և վարչական ռեսուրսների կիրառման առնչությամբ: Այնուհանդերձ՝ կոնկրետ անուններ չեն հնչել:

Նշենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն. «ԵԼՔ» դաշինքը՝ «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ», «Ծառուկյան» դաշինքը՝ «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է», «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը` «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ «Անվտանգություն և առաջընթաց», Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ «Մենք կարող ենք», «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ «Քվեարկի՛ր հանուն փոփոխության, քվեարկի՛ր հանուն վերածննդի», Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսներով:

2015 թվականի սահմանադրական փոփոխություններից ի վեր այսօր խորհրդարանական առաջին ընտրություններն են, որով Հայաստանն անցում կկատարի կառավարման խորհրդարանական մոդելի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում