Ֆրանսիայի նախագահի թեկնածուն խոստանում է ապրիլի 24-ն ընդգրկել ազգային հիշատակի օրերի ցանկում

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն խոստանում է ապրիլի 24-ն ընդգրկել ազգային հիշատակի օրերի ցանկում

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը խոստանում է ընտրվելու պարագայում ապրիլի 24-ն ընդգրկել երկրի ազգային հիշատակի օրերի ցանկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին նա նշել է Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում:

Հարցին, կշարունակի՞ արդյոք ավանդույթը, երբ Ֆրանսիայի նախագահը յուրաքանչյուր ապրիլի 24-ին մասնակցում է Փարիզում կազմակերպվող հիշատակի արարողություններին, Էնյանը նշել է. «Յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին Ֆրանսիայում տեղի են ունենում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, դա Ֆրանսիայի պատիվն է` ի հիշատակ եղբայրական ժողովրդի ողբերգության: Իհարկե, ես կմասնակցեմ որպես նախագահ` հարգանքի տուրք մատուցելով Ֆրանսիայի հայ համայնքին: Դա բոլոր հայերի համար հատուկ օր է և կդառնա ազգային հիշատակի օր»:

Նրա խոսքով` այն կերպ, ինչպես Ֆրանսիան է հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ցույց է տալիս, որ շարունակում է աջակցել իր քաղաքացիներին` աշխարհի ժողովուրդների ժխտողականության դեմ. «որպեսզի ճշմարտությունն ու պատմական իրականությունը ճանաչվի»:

Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում Եվրոպական միությանը Թուրքիայի հնարավոր անդամակցությանը, Էնյանն ասել է, որ ֆրանսիացի ոչ շատ քաղաքական գործիչներից է, ով 2003 թվականից հետևողականորեն դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: «Ես մշտապես պայքարել եմ այդ անդամակցության դեմ, ինչը չի համապատասխանում ԵՄ գաղափարին»,– ընդգծել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում