Ճանապարհներին աղբի կուտակումները ողբերգական վիճակ են ստեղծել. վարչապետը հանձնարարեց կոշտ վերաբերմունք ցուցաբերել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ճանապարհներին և ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումները գնահատում է ողբերգական: «Սույն թվականի փետրվարի 16-ի «Մաքուր Հայաստան» նախաձեռնության վերաբերյալ հանձնարարականի կատարման շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն աղբանոցները զբաղեցնում են առավել քան 430 հեկտար տարածք, դրանց պատշաճ հսկող ության բացակայությունը, քաղաքների և գյուղերի աղբահանման և մաքրման աշխատանքները թերի լինելը, ճանապարհներին և ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումները և այլն։ Երկու խոսքով ասեմ, վիճակն ուղղակի ողբերգական է, կարծում եմ, բոլորդ էլ նկատել եք»,- գործադիրի նիստում ասաց վարչապետը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասով մարզպետների, համայնքների ղեկավարների տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը։ Ըստ Կարեն Կարապետյանի, վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման պատշաճ կազմակերպման համար, այլ նաև ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աղբը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար: «Հետևաբար, այս բոլոր խնդիրների լուծումը պետք է ներառել մարզպետների, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում: Հաշվի առնելով Հայաստանը բոլորի համար գրավիչ և հարմարավետ դարձնելու մեր որդեգրած քաղաքականությունը և ստեղծված վիճակի անթույլատրելիությունը՝ հանձնարարում եմ հենց այսօրվանից մեկնարկ տալ «Մաքուր Հայաստան» ծրագրին»,- ընդգծեց վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ ոլորտային ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները համակարգայնորեն վերացնելու ուղղությամբ` միաժամանակ մշակելով այդ աշխատանքները հսկելու հստակ գործիքակազմ:

ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվեց 2-ամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություններ՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ և համապարփակ պատասխանատվության նորմեր նախատեսելու հնարավորության վերաբերյալ, նախատեսված վարչական տույժերը խստացնելու, ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվություն նախատեսելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ:

Կարեն Կարապետյանը Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելելը, իսկ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ 1-ամսյա ժամկետում մարզպետների, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում հստակ սահմանել աղբահանության և համայնքներում սանիտարական մաքրման ոլորտին վերաբերող միջոցա ռումներ և դրանց կատարման նկատմամբ սահմանել խիստ հսկողություն, «Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ ապահովել հնարավորինս լայն իրազեկում, համագործակցելով միջազգային և տեղական ոլորտային կազմակերպությունների հետ, իրականացնել Ծրագրի ընդհանուր համակարգման աշխատանքները:

«Մենք այս ծրագրի հետ կապված` բազմաթիվ հանձնարարականներ ունենք: Մենք ավելի հստակ, առարկայական ծրագիր կներկայացնենք, բայց ուղղակի անթույլատրելի վիճակ է, հանրապետությունով շրջելով, խոսելով զբոսաշրջիկների հետ՝ հասկանում ես, որ աղբահանության հետ կապված իրավիճակը վատ է»,- ասաց Կարեն Կարապետյանը: Նա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության վայրերին, այդ թվում Սևանի կղզու հատվածին: «Զբոսաշրջության կոմիտեն բոլոր տուրիստական գոտիներում աղբահանու թյան հետ կապված հատուկ ուշադրություն է դարձնելու, նայեք այնտեղի կրպակներին, շինություններին: Մեկշաբաթյա ընթացքում հատուկ այս գոտիով շրջեք, կարգավորեք վիճակը, մանավանդ Սևանի եկեղեցու հատվածը: Ավելի լավ է այնտեղ ոչ մի զբոսաշրջիկ չտանել: Սևանի ճանապարհին ձուկ վաճառողների փաթեթները, եթե քամի է, օդի մեջ են, եթե ոչ, հատակը չի երևում: Պետք է մաքսիմալ կոշտ վերաբերմունք ցույց տալ»,- նախարար Լոքյանին դիմեց Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում