Քաղաքացուն առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության նպատակով 07.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչներ Ռազմիկ Հովհաննիսյանն ու Գոռ Չոբանյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բացահայտ ? ?ռևանգել են նույն քաղաքի բնակիչ Էդվարդ Սարիբեկյանին և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Տ. Մեծի 42Ա տանից ոսկյա շղթայի գողության մեջ էդվարդ Սարիբեկյանին կասկածելու և այդ հարցի շուրջ վերջինիս հետ զրուցելու նպատակով հիշյալ տան բնակիչ Ռազմիկ Հովհաննիսյանը և նրա բարեկամ Գոռ Չոբանյանը Է. Սարիբեկյանին առաջարկել են նստել իրենց ավտոմեքենան, այնուհետև միասին մեկնել են Տ. Մեծի պողոտայի վրա գտնվող մեկ այլ վայր: Տեղ հասնելուց հետո Ռ. Հովհաննիսյանը և Գ. Չոբանյանը մի խումբ անձանց հետ Է. Սարիբեկյանից պահանջել են հետ վերադարձնել գողոնը, ապա, անտեսելով նրա` գողության հետ որևէ առնչություն չունենալու վերաբերյալ պարզաբանումները, նախնական համաձայնությամբ, Է. Սարիբեկյանի կամքին հակառակ, սահմանափակել են վերջինիս ազատ տեղաշարժը և շուրջ երկու ժամ նրան ապօրինի զրկել ազատությունից:

Այդ ընթացքում Ռ. Հովհաննիսյանը և Գ. Չոբանյանը մի խումբ անձանց հետ ծեծի են ենթարկել Է. Սարիբեկյանին, այնուհետև նույն ավտոմեքենայով և կրկին բռնություն գործադրելու սպառնալիքով նրան ապօրինի տեղափոխել են Վանաձոր քաղաքի մեկ այլ վայր, որտեղ վերջինս, ծեծի ենթարկվելուց խուսափելու և առևանգումից ազատվելու համար դիմել է փ? ?խուստի, սակայն այդ ընթացքում բարձրությունից վայր է ընկել և ծանր մարմնական վնասվածքներ ստացել:

Այսպիսով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու համար Գոռ Չոբանյանին ու Ռազմիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում