Ծիծեռնավանքում պատարագ է մատուցվել

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղում՝ Աղավնո գետի աջ ափին է գտնվում 4-րդ դարում հիմնված Ծիծեռնավանքը: Տարածքի ազատագրումից հետո, երբ վերստին հայացավ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառը, հիմնանորոգվեց ու օծվեց Հայոց հնամենի վանքը՝ դառնալով տարածքի հոգևոր կենտրոնը: Ապրիլի 23-ին մարդաշատ էր վանքի Սուրբ Գևորգ եռանավ բազիլիկ տաճարը: Շուշիի հոգևոր հովիվ, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու քահանա Տեր Անդրեաս Քավադյանը սարկավագների հետ մատուցեց Սուրբ Պատարագ՝ նվիրված Սուրբ Հարության տոնին: Տերունական աղոթքով և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կանանց երգչախմբի հնչեցրած շարականներով սկցվեց պատարագը, որին ներկա էին ուխտավորներ Ստեփանակերտից, Շուշիից, ինչպես նաև՝ Ծիծեռնավանքի գյուղական համայնքի բնակիչներ, համայնի ղեկավար Սիմոն Հարությունյանը, բերձորցիներ: Քահանան ու սարկավագներն անդրադարձան Սուրբ Հարության տոնի խորհրդին, ընթերցեցին հատվածներ Սուրբ գրքերից: Հնչեցին շարականներ ու սաղմոսներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սուրբ Պատարագն ավարտելուց հետո Հոգևոր հայրն աղոթք հղեց առ Աստված, որ Տերը պահի ու պահպանի ազգին Հայոց, զորություն տա զինվորին Հայոց, խաղաղություն սփռի ողջ աշխարհի վրա: Այնուհետև դիմեց ներկաներին՝ հորդորելով մաքրվել մեղքերից, գործել բարին, հեռու մնալ չարից ու չարություն գործելուց:

Արարողությունից հետո զրուցեցի Տեր Անդրեասի հետ: Տեղեկացրեց՝ Սուրբ Հարության տոնը շարունակվում է 50 օր, և քանի որ Զատկի օրը Ծիծեռնավանքում Պատարագ չի մատուցվել, որոշել են այստեղի բնակչությանը նույնպես հաղորդակից դարձնել տոնի խորհրդին: Ցավ հայտնեց, որ Ծիծեռնավանքը, այլ եկեղեցիներ չունեն հոգևորական, և հավելեց՝ Կրկնազատիկ կկատարվի այլ եկեղեցիներում ևս: Հոգևոր խմբից Դավիթ սարկավագը տեղեկացրեց՝ հաջորդ Կրկնազատիկը կամ Նոր կիրակին կկատարվի Ամարասի վանքում: Ծիծեռնավանքցիները, ովքեր ներկա եղան Սուրբ Պատարագին, հայտնեցին իրենց գոհունակո ւթյունը և հույս ունեն՝ մի օր Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ եկեղեցին ևս կունենա հոգևորական, և իրենք մշտապես հաղորդակից կլինեն պատարագների, ժամերգությունների, մկրտությունների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում