ՕՊԷՔ-ը պատրաստ է նույնիսկ առանց Ռուսաստանի երկարացնել Վիեննայի համաձայնագիրը

ՕՊԷՔ-ը կարող է որոշում ընդունել նավթի հանույթի կրճատման համաձայնագրի ժամկետի երկարացման վերաբերյալ, նույնիսկ եթե Ռուսաստանը, իր կողմից, հրաժարվի գործարքի երկարացումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել է Անգոլայի նավթի նախարար Խոսե Մարիա Բոտելիո դե Վասկոնսելոսը Փարիզի Նավթի միջազգային գագաթնաժողովի կողասրահներում: 

«Այո՛, ես կարծում եմ՝ այո՛»,– պատասխանել է Վասկոնսելոսն այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՕՊԷՔ-ը կարողանա երկարացնել նավթի հանույթի կրճատման համաձայնությունների գործողության ժամկետը, եթե ՌԴ-ն հրաժարվի դրանից:

ՕՊԷՔ-ը 2016 թվականի նոյեմբերի 30-ին համաձայնություն ձեռք բերեց հոկտեմբերի մակարդակի համեմատությամբ նավթի իր օրական հանույթը 1,2 միլիոն բարելով կրճատելու շուրջը: ՕՊԷՔ-ի կազմի մեջ չմտնող տասնմեկ երկրներ դեկտեմբերի 10-ին համաձայնեցրեցին իրենց հանույթն օրական միագումար 558 հազար բարելով կրճատումը, այդ թվում՝ Ռուսաստանը՝ 300 հազար բարելով: Համաձայնագիրը կնքված է 2017 թվականի առաջին կիսամյակի համար՝ երկարացման հնարավորությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում