«Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակել է Դավիթաշեն վարչական շրջանում

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը «Ելք» դաշինքն ապրիլի 28-ին շարունակեց Դավիթաշեն վարչական շրջանում: Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը և ավագանու թեկնածուները շրջում էին շենքերի բակերով և բնակիչներին բարձրախոսներով իրազեկում էին իրենց նախընտրական ծրագրի մասին, զրո ւցում քաղաքացիների հետ:

«Մայիսի 14-ին երևանցիները հնարավորություն կունենան ընտրելու հաշվետու և արդյունավետ քաղաքային իշխանություն»,- նշեց Փաշինյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ Ազգային Ժողովի ընտրություններում Դավիթաշեն վարչական շրջանում «Ելք» դաշինքը զբաղեցրել է 2-րդ տեղը և հույս հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրություններում քաղաքացիները նույն քայլը կկատարեն: Ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը հորդորեց քաղաքացիներին ընտրել «Ելք» դաշինքի օգտին և սկիզբ դնել նոր գործընթացին և քաղաքաշինության:

«Ձեր քվեարկությամբ է որոշվելու, թե ինչպիսի Երևանում ենք մենք ապրելու»,- ասաց Խաժակյանը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում