«Բոկո հարամ»-ի պարագլուխը վիրավորվել է Նիգերիայում ավիահարվածների հետեւանքով

«Բոկո հարամ» արմատական խմբավորման պարագլուխ Աբուբաքար Շեքաուն վերքեր է ստացել Նիգերիայի հյուսիս-արեւելքում երկրի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայության աղբյուրներ:

Նրա տվյալներով՝ ավիագրոհներն ապրիլի 28-ին կատարվել են Բոռնոյի նահանգի Դամբոա շրջանում: Ավիահարվածների զոհ են դարձել նաեւ Շեքաուի տեղակալը եւ մի քանի զինյալներ:

Նիգերիայի բանակն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Շեքաուի անձը բազմաթիվ գաղտնիքներ է թաքցնում: Նիգերիական բանակը քանիցս հայտնել է նրա զոհվելու մասին, սակայն «Բոկո հարամ»-ի պարագլուխը կրկին ու կրկին իրեն զգացնել է տվել:

«Բոկո հարամ»-ը իսլամական խմբավորում է, որը գործում է Նիգերիայի հյուսիս-արեւելքում: Խմբավորման զինյալները նաեւ հարձակումներ են կատարում հարեւան երկրների՝ Նիգերի, Կամերունի եւ Չադի տարածքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում