Բաքվում ծնված եւ մեծացած գրողը ներկայացրել է հայերի ջարդերի մասին պատմող գրքի ռուսերեն տարբերակը

Բաքվում ծնված եւ մեծացած գրողը ներկայացրել է հայերի ջարդերի մասին պատմող գրքի ռուսերեն տարբերակը

Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտը Հայաստանում ներկայացրեց «Վտարում դեպի անհայտություն» գրքի ռուսերեն տարբերակը: Գիրքն ամբողջությամբ 11-ամյա Աննայի կենդանի օրագրային գրառումներն ու հիշողություններն են, դրվագներ, որոնք վերապրել է աղջնակի ընտանիքը 1988-1992 թվականներին՝ փախչելով Բաքվից դեպի օտարություն:

Գրքում նկարագրվում են Բաքվում ադրբեջանցիների բռնաճնշումները տեղի հայերի նկատմամբ, ջարդերը, իրական պատմական իրադարձություններ, որոնք հեղինակի խոսքով՝ փոխել են շատ ու շատ հայերի կյանքեր: Գրքի հենց առաջին էջում գրված է.

«Նվիրվում է իմ հրաշալի երեխաներին՝ Արմենին ու Իվանջելինին, թող Ձեզ եւ Ձեր երեխաների համար միշտ լինի խաղաղություն եւ ազատություն,

Իմ ուժեղ եւ հրաշալի ծնողների՝ Նորիկ եւ Իրինա Աստվածատուրովների պատվին. դուք ինձ միայն կյանք չէ, որ նվիրել եք,

Ի հիշատակ բոլոր այն հայերի, ովքեր զոհվեցին, եւ նրանց, ում կյանքը անշրջելիորեն փոխվեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության եւ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով»:

Աննա Աստվածատրյան-Տուրկոտի պատմություններն այն մասին են, թե ինչպես է ընտանիքը երկար ժամանակ ստիպված եղել թաքնվել Բաքվում, որտեղ նա ծնվել եւ մեծացել է, ինչպես են սպանել նրանց հարեւանուհուն, ում նրանք համոզում էին նույնպես լքել Բաքուն, ինչպես է ընտանիքին օգնել մի ադրբեջանուհի եւ այլն:

«Ես անընդմեջ հարցնում էի ծնողներիս՝ ինչու են նրանք մեզ ատում, ինչու ես պետք է թաքցնեմ, որ հայ եմ, ինչու պետք է ապրենք մթության մեջ: Ինձ համար ամենասարսափելի դրվագն այն էր, թե ինչպես էր հայրս դանակները հերթով դնում սեղանին: Հայրս տանկիստ էր, շատ ամուր մարդ էր, բայց ես տեսնում էի, որ նույնիսկ նա է պատրաստվում մահվան: Եվ այդ ժամանակ միայն մտածում էի նրա մասին, որ կարող եմ նրան կորցնել»,-լրագրողների հետ զրույցում ասաց հեղինակը:

Ընտանիքը կարողացել է փրկվել եւ մշտական բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ուր տանող ճանապարհին նույնիսկ չի էլ գիտակցել, թե ինչ է սպասվում առջեւում:

«Այլեւս ոչ մի տեղ երեւի այդ հայերից ոչ ոք չի կարողանա իրեն լիարժեք զգալ: Ես որոշեցի լույս ընծայել այս գիրքը, որովհետեւ վախենում էի, որ իմ երեխաները չեն իմանա, թե ինչ է եղել մեզ հետ, ինչպես ենք մենք պարգեւել նրանց ապագա»,-նշեց նա:

Գրքի խմբագիր Կարեն Զախարյանը նշեց, որ գիրքը հատկապես կարեւոր նշանակություն ունի ղարաբաղա-ադրբեջանական տեղեկատվական պատերազմի համատեքստում:

«Շատ բաներ կարող եմ ասել այս գրքի մասին: Այն շատ մեծ կարեւորություն եւ անհրաժեշտություն է իրենից ներկայացնում: Այն շատ նման է Աննա Ֆրանկի օրագրին. իհարկե, նույն ժանրը չէ, բայց պատմում է նմանատիպ բարբարոսությունների մասին»,-նշեց խմբագիրը:

Գրքի անգլալեզու տարբերակը լույս է տեսել 2012 թվականին: Աննա Աստվածատրյան-Տուրկոտը տեղեկացրեց, որ առաջիկայում հնարավոր է՝ լույս տեսնի գրքի հայերեն տարբերակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում