ՀՀԿ-ն նախընտրել է բակային հանդիպումները. Տարոն Մարգարյանը՝ բանավեճի մեջ չմտնելու մասին

ՀՀԿ-ն նախընտրել է բակային հանդիպումները. Տարոն Մարգարյանը՝ բանավեճի մեջ չմտնելու մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում նախընտրել է բակային հանդիպումները, որոնց ընթացքում ներկայացրել է առաջիկա 5 տարիների անելիքները և վերջին 4 տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

Քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ քարոզարշավի ընթացքում խուսափեց իր մրցակիցների հետ բանավեճից: «Ես չեմ խուսափել բանավեճից, ուղղակի մենք նախընտրել ենք երևանցիների հետ բակային հանդիպումներ անցկացնելու ձևաչափը, որի ընթացքում մանրամասն ներկայացրել ենք մեր ծրագիրը և կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ ենք հանդես եկել: Մենք Երևանում շուրջ 100 բակային հանդիպումներ ենք ունեցել: Մենք ավելի հակված ենք մեր բնակչությանը մեր ծրագիրը ներկայացնելուն, քան բանավեճերին» ,- ասաց Մարգարյանը:

Անդրադառնալով վերջին օրերին «Ելք» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու և քաղաքացիներին քվեաթերթիկներ բաժանելու վերաբերյալ՝ Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ իրավապահներն այժմ այդ հարցերով զբաղվում են: «Եթե իրավապահների կատարած աշխատանքից հետո հարցեր մնան, ես դրանց կպատասխանեմ»,- ասաց Երևանի քաղաքապետը:

Նա հավելեց, որ ՀՀԿ-ն մրցակիցներին կոչ է արել նորմալ քարոզարշավ անցկացնել և ոչ մեկի վրա ցեխ չշպրտել: «Դուք տեսաք, թե Հանրապետականն ինչպես անցկացրեց իր քարոզարշավը: Մենք քարոզարշավի ընթացքը նորմալ ենք գնահատում, իսկ արդյունքները դուք շուտով կտեսնեք»,- նշեց Տարոն Մարգարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում