Արմեն Աշոտյանը գոհ է ընտրություններում ՀՀԿ կուսակցության արդյունքներից

Արմեն Աշոտյանը գոհ է ընտրություններում ՀՀԿ կուսակցության արդյունքներից

Նորընտիր խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը գոհ է ընտրությունների արդյունքներից և նոր խորհրդարանի կազմից:

«Ես այսօր հպարտությամբ եմ մուտք գործել Ազգային ժողով որպես ԱԺ պատգամավոր: Գաղտնիք չէ, որ միշտ սիրել եմ Ազգային ժողովը որպես քաղաքական ինստիտուտ: Ես շատ գոհ եմ, որ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, ես շատ գոհ եմ ընտրություններում մեր կուսակցության արդյունքներից, շատ գոհ եմ ԱԺ ընդհանրական կազմից»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ քաղաքական վերընթացները դեռ առջևում են, ԱԺ դերակատարությունը երկրում վերագնահատվում է:

«Քաղաքական գործընթացները Հայաստանում պայմանավորված են նախ ներքին զարգացումներով և պատասխան պետք է լինեն արտաքին մարտահրավերներին: Ինչպիսին կլինեն արտաքին և ներքին միջավայրերը, այդպիսին էլ կլինի Ազգային ժողովը: Կարևորն այն է, որ խորհրդարանը շարունակի մնալ հասարակության, սոցիալական, հումանիտար խնդիրների հոգսերի հայելին»,– նշեց նա:

Անդրադառնալով իր՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրվելու խոսակցություններին՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց.

«Նմանատիպ հարցադրումները, որոնք փորձում են շահարկել իմ հնարավոր քաղաքական ամբիցիաները, արդեն ժամկետանց են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում