ՀՀ դեսպանի գլխավորությամբ եվրոպացի դեսպանները հանդիպել են Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

ՀՀ դեսպանի գլխավորությամբ եվրոպացի դեսպանները հանդիպել են Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Կանադայում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանները ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի՝ որպես եվրոպական երկրների դեսպանների դուայենի, գլխավորությամբ հանդիպում ունեցան Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոֆ Ռիգանի հետ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման օրակարգում էին յուրաքանչյուր երկրի հետ Կանադայի երկկողմ հարաբերությունների արդի զարգացումներից բացի նաև առևտրին և միգրացիային ու փախստականներին վերաբերող հարցերը:

Հանդես գալով ելույթով` դեսպան Եգանյանն անդրադարձավ փախստականներ ընդունելու և նրանց ապաստան տալու Հայաստանի փորձին, նշելով, որ Սիրիայից շուրջ 20000 փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում:

Դեսպանը նաև ներկայացրեց հայ-կանադական երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և խոսեց առաջիկա ծրագրերի մասին: Անդրադարձ կատարվեց 2018թ. Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին:

Հանդիպման ընթացքում նախանշվեց հետագա հանդիպումներին քննարկվելիք հարցերի օրակարգը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում