Կիմ Չեն Ընը կարգադրել է նոր բալիստիկ հրթիռի սերիական արտադրություն սկսել

Հյուսիսային Կորեան հավաստել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հերթական արձակման մասին տեղեկատվությունը: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ այն հայտարարված է հաջողված: Ըստ գործակալության՝ արձակմանը հետեւել է հյուսիսկորեացիների առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նա կարգադրել է սկսել այդ հրթիռի սերիական արտադրությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հրթիռը, որի անվանումն ու բնութագրերը չեն հայտնվում, այժմ պատրաստ է մարտական հերթապահության դրվելու համար:

Հարավային Կորեայի Գլխավոր շտաբը հայտնել է մայիսի 21-ի ցերեկը հյուսիսկորեական հրթիռի նոր արձակման մասին:

Հարավկորեական Ռյոնհապ գործակալության հաղորդագրության համաձայն՝ հրթիռն անցել է շուրջ 500 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը: Արձակումը տեղի է ունեցել այն բանից ընդամենը մեկ շաբաթ հետո, երբ Հյուսիսային Կորեան հայտրարել էր նոր տիպի հրթիռի փորձարկման մասին, որը կարող է միջուկային լիցք կրել:

Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը մայիսի 21-ին հաղորդել է, որ երկիրը կշարունակի արձակել հրթիռներ, որոնք «ունակ են հարվածելու ԱՄՆ-ին»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հյուսիսկորեական հրթիռային արձակումները վերստին կքննարկի մայիսի 23-ին: Այդ նիստը գումարվում է ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի խնդրանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում