Մայրաքաղաքում սանմաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել

Հիմք ընդունելով հանրապետական շաբաթօրյակ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 27-ին մայրաքաղաքում հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ ուղղությամբ աշխատանքները մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են վաղ առավոտից:

Միահամուռ ուժերով մայրաքաղաքը մաքրելու կոչին միացել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, ենթակա կառույցները, պետական կառույցներ, «Սանիթեք» ընկերության, նաև մասնավոր ընկերությունների, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ: Հիմնական աշխատանքները տարվել են արդեն նախապես ճշտված վայրերում: Ըստ անհրաժեշտության՝ մասնակիցներն ապահովվել են համապատասխան գործիքներով ու պարագաներով:

Սանմաքրման ընթացքում հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների հարակից տարածքները մաքրվում և բերվում են պատշաճ տեսքի: Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում ներառվել է նաև Հաղթանակի զբոսայգու տարածքը: Մինչ գործընթացի մեկնարկը, բոլոր մասնակիցներին բաժանվել են աղբահավաք պարկեր, բահեր, փոցխեր և անհրաժեշտ այլ պարագաներ:

Առավոտյան մեկնարկած աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմերի ներկայացուցիչների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցների ուժերով: Սանմաքրման ընթացքում զբոսայգու ճեմուղիները, կանաչ գոտիները և հանրային օգտագործման այլ տարածքները պատշաճ տեսք են ստացել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում