Գևորգ Կոստանյանը համոզված է, որ ձևավորվելիք հակակոռուպցիոն մարմինը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիք կդառնա

Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը ողջունում է Հայաստանում հակակոռուպցիոն մարմին ստեղծելու գաղափարը և վստահություն հայտնում, որ այդ մարմինը կունենա անկախության բավարար չափանիշներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ առաջին հերթին անհրաժե! շտ է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի այդ մարմնի գործունեությունն արդյունավետ լինի: «Ընդհանրապես միջազգային պրակտիկայում նմանատիպ ամենաարդյունավետ մարմինը գործում է Ռումինիայում: Ռումինիայում առանձին մարմին գոյություն ունի, որը բազմաթիվ լայն լիազորություններով է օժտված և շատ արդյունավետ է գործում: Հիմա եթե այդ նույն օրինակը կիրառվի Հայաստանում, ես չեմ կարող ասել, որ դա աշխատանքի 100-տոկոսանոց արդյունավետություն կապահովի, բայց համոզված եմ, որ այդ մարմնին կտրվեն անկախության բավարար չափանիշներ, որ մենք կարողանանք արդյունուվետ պայքարել կոռուպցիայի դեմ»,- ընդգծեց Կոստանյանը:

Պատգամավորը համաձայնեց դիտարկման հետ, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար առաջին հերթին քաղաքական կամք է հարկավոր՝ ընդգծելով, որ նման մարմին ստեղծելու գաղափարն արդեն խոսում է այն մասին, որ կա կոռուպցիայի դեմ պայքարի համար արդյունավետ մեխանիզմներ ներդնելու քաղաքական կամք:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանում տարբեր տարիների վարչապետների գլխավորությամբ եղել են հակակոռուպցիոն խորհուրդներ, որոնց գործունեության արդյունքները հասարակության համար չեն երևում, Կոստանյանը պարզաբանեց , որ այդ խորհուրդները ընդամենը խորհրդատվական մարմիններ են, այսինքն՝ գործնական որևէ լծակ չունեցող սուբյեկտներ են: «Իսկ ձևավորվելիք հակակոռուպցիոն մարմինը հսկողական և որոշակի գործադիր ֆունկցիաներ ունեցող սուբյեկտ է լինելու, որի գործունեությունը անհնար է արդյունավետ չլինի: Որովհետև երբ մենք այդ լիազորությունները տալիս ենք կոնկրետ սուբյեկտին, այդ լիազորությունների իրականացումը չափելի է լինելու: Այսինքն, խորհրդակցական մարմնի գործունեությունը չափելի չէ, սակայն երբ խոսքն այնպիսի մարմնի մասին է, որն ունի չափելի գործողությունների հաջորդականություն, դա հենց այդ մարմնի համար պարտավորություն է ստեղծում, որովհետև ինքը ամեն անգամ պետք է իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնի, իսկ նրա գործունեությունն այնքան թափանցիկ պետք է լինի, որ մենք կարողանանք գնահատել դրա արդյունավետությունը»,- մանրամասնեց Գևորգ Կոստանյանը:

Անդրադառնալով ձևավորվելիք մարմնում ընդդիմության ներկայացուցիչներ ունենալու անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ Կոստանյանն ընդգծեց, որ հակակոռուպցիոն մարմնում ընդդիմության ներկայացուցիչներ ունենալը դեռ դրա գործունեության արդյունավետության երաշխիք չէ: Նրա խոսքով՝ առաջին հերթին կարևոր է, թե ինչ լիազորություններով է օժտված լինելու այդ մարմինը, ինչ վերահսկողական գործառույթներ է ունենալու:

Գևորգ Կոստանյանն անդրադարձավ նաև դիտարկմանը, թե հակակոռուպցիոն մարմինը ձևավորվելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բազայի վրա, որի գործունեությունն անցած տարիների ընթացքում ևս արդյունավետ չի եղել: «Տեսեք, այդ հանձնաժողովը չի ունեցել այն բոլոր գործիքները, որոնք կապահովեին նրա գործունեության տեսանելիությունը հասարակության համար: Հիմա այս հակակոռուպցիոն մարմնի ստեղծման գաղափարը այդ հանձնաժողովի բազայի հիման վրա կայանում է նրանում, որ այդ հանձնաժողովը հայտարարագրերի համադրման բավականին լուրջ բազա ունի: Հիմա մենք ստեղծում ենք մարմին, որին տալիս ենք լրացուցիչ գործիքներ, որպեսզի այդ հայտարարագրերի հիման վրա, վերլուծությունների համադրումների և այլ պետական մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա կարողանա կայացնել համապատասխան որոշումներ»,- ընդգծեց պատգամավորը:

Նա համոզված է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը բավարար և արդյունավետ հիմք է, որի վրա կարելի է կառուցել ձևավորվելիք հակակոռուպցիոն մարմինը: Այն լինելու է նոր մարմին ոչ թե ինստիտուցիոնալ, այլ ավելի շատ լիազորությունների տեսանկյունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում