Միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա բավարար չէ. Ալեքսանդր Սկակով

Միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա բավարար չէ. Ալեքսանդր Սկակով

Լավ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները այցելում են տարածաշրջան, բայց պետք չէ այցի հետ մեծ հույսեր կապել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

«Ներկայումս հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց սպասել պետք չէ: Դա հնարավոր է միայն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու շնորհիվ, երբ շփման գծում կտեղադրվեն տեսադիտարկող սարքեր, երբ կկատարվի մշտական մոնիթորինգ: Հակառակ դեպքում՝ տարածաշրջանային վերահսկողության տեսանկյունից առաջընթաց սպասել պետք չէ»,- ասաց Ալեքսանդր Սկակովը:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ կողմերի միջև հակամարտության կարգավորման սկզբունքները համաձայնեցված են, բայց կան զգայուն ու միաժամանակ կարևոր հարցեր, Ա. Սկակովն ասաց, որ խոսքը հենց վերահսկողության մեխանիզմները տեղադրելու մասին է: Ըստ նրա՝ Լավրովն էլ ակնարկել է, որ հարկավոր է ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի նրանք կատարեն պայմանավորվածությունները:

«Հասկանալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ չեն փոխզիջումների: Ավելին՝ Ադրբեջանը պատրաստ չէ իրականացնել այն, ինչին բանավոր պայմանավորվածությամբ համաձայնել է, խոսքս շփման գծում տեսադիտարկման սարքերը տեղադրելու, մշտադիտարկում անցկացնող խմբի ընդլայնման մասին է: Ադրբեջանը փորձում է կողմերի՝ միջազգային հանրության, Հայաստանի, Մինսկի խմբի ամրությունը ստուգել՝ խախտելով հրադադարը, արտահանձնել պահանջելով բելառուս բլոգեր Լապշինին, վերջերս էլ՝ Թբիլիսիի բլոգերին»,- մանրամասնեց Ալեքսանդր Սկակովը:

Քաղաքագետը միաժամանակ նշեց, որ միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա քիչ է, բավարար չէ: «Իսկ ճնշումը պետք է բոլոր կողմերն իրականացնեն՝ միաժամանակ, անընդհատ, պարբերաբար: Ռուսաստանը, Բրյուսելը, Վաշինգտոնը պետք է միաժամանակ գործողություններ իրականացնեն»,- ասաց նա՝ նշելով, որ Ռուսաստանը ճնշում բանեցնում է, բայց, հավանաբար, ոչ բավարար չափով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում