Մենք հո՞ ահաբեկիչներ չենք, որ պայթեցնենք այդ ինքնաթիռները. Դավիթ Բաբայանը՝ Արցախի օդային տարածքով Ստամբուլ-Բաքու չվերթի մասին

Մենք հո՞ ահաբեկիչներ չենք, որ պայթեցնենք այդ ինքնաթիռները. Դավիթ Բաբայանը՝ Արցախի օդային տարածքով Ստամբուլ-Բաքու չվերթի մասին

Արցախի օդային տարածքով Ստամբուլից Բաքու թռչող Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռի չվերթը չպետք է քաղաքականացնել. Tert.am-ի հետ զրույցում նման խորհուրդ տվեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ թեև կասկած հայտնեց, որ դեռևս պետք է ճշտել, թե այդ չվերթը իրո՞ք եղել է Ստամբուլ-Բաքու, թե պարզապես ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է:

«Չպետք է քաղաքականացնել, պետք է վերաբերվել դա պարզապես մարդասիրական և տրանսպորտային միջազգային նորմերի համաձայնությունների ներքո»,-ասաց նա:

Նշենք, որ www.flightradar24.com կայքն արձանագրել էր, որ Ստամբուլից Բաքու թռչող Turkish Airlines ավիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը, որը կատարել է TK334 /THY3RF չվերթը, անցել է Արցախի օդային տարածքով և Ստեփանակերտից մի փոքր հյուսիսով ուղևորվել դեպի արևելք՝Բաքու:

Դավիթ Բաբայանը շեշտեց, թե կան միջազգային չվերթներ և Արցախի տարածքով ևս մի շարք չվերթներ են իրականացվում՝ Եվրոպայից Մերձավոր Արևելք և այլն: «Չի բացառվում, որ Թուրքիայից էլ չվերթների մի մասը Արցախի տարածքով է անցնում, բայց չէ՞ որ նաև Երևանից դեպի Մերձավոր Արևելք և մի շարք այլ շրջաններ, մասնավորապես Երևան-Փարիզ չվերթը, Երևան- Վիեննա չվերթը անցնում է Թուրքիայի տարածքով»,-ասաց նա:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը միաժամանակ վստահեցրեց, որ Ադրբեջանի որևէ ինքնաթիռ Արցախի տարածքով չի թռնում: «Սա միանշանակ է, բայց եթե հիմա կա Ստամբուլ-Բաքու, և անցնում է ինչ-որ տեղ Արցախի տարածքով, այստեղ արդեն պետք է մենք հարցը ոչ թե Ադրբեջանի ներքո դիտարկենք, այլ պետք է հասկանանք, որ սա միջազգային չվերթ է: Մենք հո՞ ահաբեկիչներ չենք, որ պայթեցնենք այդ ինքնաթիռները, ի՞նչ է, պետք է հավասարվենք Բաքվի՞ն»,-ասաց նա:

Հարցին, թե ՀՀ-ից Արցախ չվերթի դեպքում ի՞նչ կարող է լինել, Բաբայանը պատասխանեց, թե դա, ըստ էության, որևէ վտանգ չի ներկայացնում:

«Բայց մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ և երբ այդ պետության ղեկավարությունը հայտարարում է, որ խոցելու է Երևան-Ստեփանակերտ, Ստեփանակերտ- Երևան չվերթներ իրականացնող քաղաքացիական ինքնաթիռներին, սա արդեն ահաբեկչություն է և ոչ այլ ինչ: Այստեղ միջազգային հանրությունը համապատասխան կոշտ դիքերում պետք է լինի և այդ մարդկանց նկատմամբ պետք է պատժամիջոցներ գործարկի, ինչպես, օրինակ, այդ մարդկանց բոլոր հաշիվները՝ թալանված գումարները պետք է սառեցվեն: Չէ՞ որ եթե նման հայտարարություններով հանդես էր գալիս Բեն Լադենը կամ «Իսլամական պետություն» խմբավորման որևէ ղեկավար, անմիջապես մեծ աղմուկ էր բարձրացվում, սկսում էին խոսել, միջազգային հանրությունը քայլեր էր ձեռնարկում, իսկ երբ Ալիևն է ասում՝ աչքերը փակում են, դրա համար ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ ողջունելի է մի բան, որ վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոշտ և հասցեական հայտարարություն են արել. «Ցանկալի է, որ այդ գործելաոճը շարունակվի»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում