Քաղաքապետն իրեն դատի տալու մասին հայտարարությունն «այդքան էլ լուրջ չի ընդունել»

Քաղաքապետն իրեն դատի տալու մասին հայտարարությունն «այդքան էլ լուրջ չի ընդունել»

«Օրենքով սահմանված կարգ է՝ Երևանի քաղաքապետը չորս տեղակալ է ունենում»,- Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղակալների կրճատման կամ փոփոխման կարի՞ք չկար, գրում է panorama.am-ը:

Հիշեցնենք, որ նիստում ավագանու որոշմամբ քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Կամո Արենյանը, իսկ քաղաքապետի տեղակալներ՝ Վահե Նիկոյանը, Դավիթ Օհանյանը, Արամ Սուքիասյանը, ովքեր մինչ այս էլ նույն պաշտոններ էին զբաղեցնում:

Տարոն Մարգարյանի խոսքով, Երևանի քաղաքապետի գործառույթները, լիազորություններն ու պատվիրակված լիազորություններն իրականում շատ են և պետք են տեղակալներ, խորհրդականներ, օգնականներ, և այն աշխատակազմը, որ ներկայացվեց, որպեսզի կարողանան այն լիազորություններն ու պարտավորությունները, որոնք ունեն երևանցիների նկատմամբ, լիարժեք իրականացնեն:

Նշենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում այսօր գրանցված անդամների 45 կողմ և 16 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տրվել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին:

Առ այսօր գործող հաստիքացուցակի համեմատ, աշխատակիցների թվաքանակի, դրույքաչափերի փոփոխություն նախատեսված չէ: Հաստիքային միավորների թիվն է՝ 1998: Ներկայացված հաստիքացուցի համաձայն, քաղաքապետարանի միջին աշխատավարձը կազմում է 218 հազար 423 դրամ:

Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե կառավարության ղեկավարը խոսում է օպտիմալացման մասին, բայց քաղաքապետարանում փոփոխություն չկա, Տ. Մարգարյանն ասաց. «Կառավարության ղեկավարը խոսում է պետական համակարգի մասին, սա համայնքային ծառայություն է, տարիներ շարունակ ունեցել ենք կրճատումներ, կառուցվածքային փոփոխություններ: Պետք է լինի այն կազմը, որ կարողանա սպասարկի բնակչությանը: Այսօր այս կազմով կարողանում ենք արդյունավետ կառավարել»:

Տարոն Մարգարյանը նաև նշեց, որ որպես քաղաքապետ, իր առաջին ցանկությունն է բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը, բայց պետք է նայել հնարավորություններին. «Մենք պետք է մտածենք մանկավարժի, մանկապարտեզի աշխատողների, գրադարանավարների աշխատավարձի բարձրացման մասին: Եթե միջոցներ ունենանք, այդ ուղղությամբ կծախսենք այդ միջոցները»:
Ավագանու արտահերթ նիստին այսօր մասնակցում էր նաև «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, որի անդամները բավականին ակտիվ էին, պարբերաբար հարցեր էին հնչեցնում, ելույթներ ունենում: Պատասխանելով լրագրողի հարցին, թե պատրա՞ստ եք հինգ տարի դիմանալ այդ խմբակցության ակտիվությանը, քաղաքապետն ասաց. «Մեծ ակտիվություն չնկատեցի «Երկիր Ծիրանի» խմբակցությունից: Մարդիկ կգան, կանոնակարգին ավելի լավ կտիրապետեն, քաղաքային տնտեսությանն ավելի մոտիկից կծանոթանան, կհասկանան քաղաքային տնտեսության կառավարման բոլոր մոդելները, այդ ժամանակ կնայենք՝ ակտիվ են, թե ոչ:

Ընդհանրապես բարդություն չնկատեցի նրանց հետ աշխատանքում: Այն հարցերը, որոնք բարձրացում էին, դրանց կային հստակ պատասխաններ»:

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե երեկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է դատի տալ ձեզ՝ կապված քաղաքում ստեղծված իրավիճակի հետ, առիթը՝ հունիսի 12-ի հորդառատ անձրևն էր, որից հետո Երևանի փողոցները ծածկվել էին ջրով, ինչպե՞ս եք վերաբերում այս հարցին, Երևանի քաղաքապետն ասաց. «Ես էլ եմ մամուլից կարդացել նման բան, այդքան լուրջ չեմ ընդունել, քանի որ նման հարցերով, մոտեցումով չեն կարող Երևան քաղաքը կառավարել: Եթե խնդիր են տեսնում, պրոբլեմ կա, միասին լուծում տանք»:

Ինչ վերաբերում է հունիսի 12-ին ստեղծված իրավիճակին, Տ. Մարգարյանը նախ ասաց, որ օդերևութաբաններն արդեն հայտնել են, որ 15 օրվա տեղումները եկել է 10 րոպեի ընթացքում, և, բնականաբար, նման իրավիճակ կլիներ. «Իսկ երբ որ ասում ենք՝ ջրհեղեղ-ջրհեղեղ, բոլորս իրական ջրհեղեղը պատկերացում ենք, ինչ է լինում քաղաքներում, բնակավայրերում ջրհեղեղից հետո: Այո, ջրի կուտակումներ եղել են, կարկուտից հետո պոկված տերևներից որոշ խցանումներ են առաջացել ջրահեռացման համակարգում, նաև 15 օրվա տեղումները, երբ որ 10 րոպեում է եղել, այդ համակարգը չի կարողացել 100 տոկոսանոց գործել»:
Քաղաքապետը նաև նշեց, որ իր կողմից եղել է հանձնարարական, առաջարկության «Վիոլա» ընկերությանը, քաղաքապետարանի կոմունալ վարչությանը, պատասխանատուներին, որ ուսումնասիրեն այն խրոնիկ վայրերը, որտեղ խնդիրներ կան, տեսնեն՝ ինչ լուծումներ են տալիս: Նա հավելեց, որ հունիսի 12-ի հորդառատ անձրևի դեպքում ընդամենը երեք տեղում են խնդիր ունեցել և պետք է ուսումնասիրեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում